Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը համերգ է ունեցել Բեյրութում
Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ մարտի 12-ին «Լևոն Շանթ» կենտրոնի «Գ. և Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Համերգին երաժշտասեր բազմության կողքին ներկա են եղել նաև «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը, ի դեպ փառատոնի հրավերով էր Երիտասարդական նվագախումբը ժամանել Բեյրութ, և Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Քառյակը ներկայացրել է Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։