Պուտինի խորհրդականը դոլարի իրական փոխարժեքը համարում է 23 ռուբլին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը կարծում է, որ ռուբլու ընթացիկ փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ իջեցված է երեք անգամ:
«Մեկ դոլարի գնողունակությունը համարժեք է մոտավորապես 23-25 ռուբլու գնողունակությանը», - «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ` հայտարարել է Գլազևը:
«Այդպիսին են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատականները, դա վիճակագրություն է: Վերցնում են ապրանքների զամբյուղ Ռուսաստանում և ԱՄՆ-ում և համեմատում են, թե որքան ապրանք է հնարավոր գնել 100 դոլարի դիմաց ԱՄՆ-ում և որքան` Ռուսաստանում», - մեկնաբանել է Գլազևը` նշելով, որ դա «լավ մշակված մեթոդոլոգիա է, որը կիրառվում է ավելի քան 50 տարի»:
Ըստ ՌԴ նախագահի խորհրդականի` Ռուսաստանի պարագայում «իդեալական կլիներ ֆիքսել ռուբլու փոխարժեքը երկար ժամանակահատվածի համար», սակայն ոչ 25 ռուբլու մակարդակում:
«Դա պետք է անել այն տատանումների մակարդակում, որոնք եղել են վերջին երկու տարիների ընթացքում` 60-80 ռուբլի»,-հավելել է տնտեսագետը` ընդգծելով, որ անհրաժեշտ է Կենտրոնական բանկին վերադարձնել շուկա` տնտեսությունը կայունացնելու համար: