«Էրեբունի» ԲԿ. Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին վիրահատության կարիք չունի
Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի հաղորդմամբ, տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք:
Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկվել վերքը, դադարեցվել է արնահոսությունը:
Ըստ Հունանյանի, «Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները:
Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա:
Հիշեցնենք, որ 64-ամյա Նորիկ Ալիխանյանը վնասվածքներ ստացել էր իր տան բակում: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները ճշտվում են:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով վիրավորվել է Թաղավարդ գյուղի բնակիչը. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել Բերքաբերի բնակիչը