Փախստականների հոսքը դեպի Գերմանիա կրճատվում է. ԶԼՄ-ներ
Գերմանիայի դաշնային ոստիկանությունն արձանագրել է ոչ լեգալ ժամանած միգրանտների թվի կրճատում: Մարտի 18-23-ը Գերմանիա է ժամանել 808 փախստական, այսինքն օրական միջինը 135 փախստական: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն` հղում կատարելով Bild օրաթերթին:
Եթե նկատված միտումը պահպանվի, ապա կանխատեսումների համաձայն` տարվա վերջին Գերմանիա կժամանի շուրջ 500 հազար փախստական: 2015թ-ին Գերմանիան ընդունել է գրեթե 2 մլն ոչ լեգալ միգրանտ: Սա Գերմանիայի միգրացիոն վիճակագրության երբևէ արձանագրած ամենամեծ ցուցանիշն է, բայց քանի որ նախորդ տարվա ընթացքում երկիրը լքել է գրեթե 860 հազար օտարերկրացի, նշանակում է, որ 2015թ-ի Գերմանիայի միգրացիոն սալդոն կազմել է 1,14 մլն մարդ:
Դեպի Գերմանիա փախստականների հոսքի ներկայիս կրճատումը մասնագետները մեկնաբանում են «բալկանյան երթուղու» փակումով: Սակայն հասկանալի չէ` կպահպանվի արդյոք ներկա իրավիճակը, քանի որ միգրանտները կարող են Կենտրոնական Եվրոպա ներթափանցելու այլ ուղիներ գտնել:
Օրինակ` Բուլղարիան արդեն իսկ միջոցառումներ է ձեռնարկում փախստականների հնարավոր զանգվածային հոսքի դեմ առնելու համար: