Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է սրտի խնդիրներով մոտ 450 երեխա
Երևանում այսօր մեկնարկեց սրտի բնածին արատների վաղ հայտնաբերմանը նվիրված ինտենսիվ ուսուցողական դասընթաց, որը կազմակերպվել էր «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ: Դասընթացը վարում էր Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության (ISUOG) Արևելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, Fetal Medicine Foundation-ի պաշտոնական մասնագետ Ֆրեդ Ուշակովը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը, դասընթացը կազմակերպվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ:
Կարինե Թոխունցի խոսքերով՝ որպես մասնագիտական ասոցիացիա, իրենց մտահոգում է Հայաստանում և ամբողջ աշխարհում գրանցվող բնածին արատների աճի հաճախականությունը:
«Վերջին 20 տարիներին Հայաստանում բնածին արատներով ծնվող երեխաների թիվը գրեթե կրկնապատկվել է ՝ հասնելով շուրջ 18 պրոմիեի: Այսինքն՝ ամեն 1000 ծնունդին ունենում ենք 18 բնածին արատով երեխան, ինչը մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց Կարիեն Թուխունցը:
Ինչ վերաբերում է սրտի արատներին, ապա, ըստ նրա, տարեկան ծնվում են շուրջ 400-450 սրտի արատով երեխա:
Բժիշկ Ֆրեդ Ուշակովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներարգանդային կյանքում սրտի արատների հայտնաբերումը աշխարհում այսօր ամենաարդիական խնդիրներից է: Այդ արատները բավական բարդ են և հանգեցնում են հիվանդ երեխաների ծնունդին:
«Արատների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս ավելի շատ հետազոտություններ կատարել, նախապատրաստել ընտանիքին, իսկ որոշ դեպքերում ընդհատել հղիությունը, եթե այդ արատը անհամատեղելի է կյանքի հետ»,- ասաց նա:
Համաշխարհային վիճակագրության համաձայն, ըստ Ուշակովի, աշխարհում 500 ծնված երեխաներից մեկն ունի ծանր տեսակի սրտի արատ, իսկ թեթև տեսակները հաճախ են հանդիպում ու կազմում են աշխարհում ծնված երեխաների 1%-ը:
Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խուդավերդյանն էլ նշեց, որ բնածին արատներն այսօր համարվում են առողջապահության կարևորագույն խնդիր, քանի որ ունեն մեծ դեր մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության կառուցվածքում: Նրա խոսքերով՝ վաղ նորածնային շրջանում զարգացող արատներից երեխաների մահացության մեջ սրտի բնածին արատները գրավում են առաջին տեղը:
«Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է սրտի խնդիրներով մոտ 450 երեխա: Դրանց մեծ մասը էֆեկտիվ բուժվում է, իսկ 20 տոկոսը, որը չունի հեմոդինամիկ խանգարումներ, գտնվում է հսկողության տակ առանց բուժման: Սակայն կան սրտի բնածին արատներ, որոնք համատեղելի չեն կյանքի հետ, ուստի անհրաժեշտ է այդ արատները հայտնաբերել հղիության ընթացքում՝ ներարգանդային կյանքում ու դրա մեջ մեծ դեր ունի գերձայնային հետազոտությունը: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել պտղի սրտի կառուցվածքը և կանխորոշել արատների մեծ մասը»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:
Բժիշկ, ռադիոլոգ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ ներարգանդային կյանքում երեխայի սրտի արատի հայտնաբերումը բարդ գործընթաց է, և պահանջվում է բարձր գիտելիքներ:
«Ամեն ինչ կախված է բժիշկի գիտելիքներից, այլ ոչ թե սարքավորումներից: Հայաստանի բուժկենտրոններում՝ նույնիսկ ամենահեռավոր շրջանների, տեղադրված սարքերով էլ կարելի է ախտորոշել սրտի զարգացման շեղումները»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ծնողներին որոշել՝ շարունակել հղիությունը, թե ոչ: Ըստ նրա՝ ճիշտ ախտորոշման ժամկետը 18-21 շաբաթական է, իհարկե արդեն հնարավորություն կա ախտորոշել նաև 13-14 շաբաթականում, բայց հիմնականը ախտորոշումը մինչև 21 շաբաթականն է:
Ընդհանուր առմամբ, ըստ Տիգրան Քոչարյանի, Հայաստանում ավելի խնդրահարույց են Գորիսի, Կապանի շրջանները, այստեղ ավելի շատ են ծնվում նման խնդիրներ ունեցող երեխաներ:
«Տարիներ առաջ Ալավերդին էր ու Ստեփանավանը: Դժվար է ասել՝ ինչով է պայմանավորված, խորը հետազոտության կարիք կա»,-ասաց նա:
Նշենք, որ դասընթացի ժամանակ Ֆրեդ Ուշակովը Հայաստանի բժիշկներին ներկայացրեց ներարգանդային շրջանում պտղի սրտի արատների վաղ հայտնաբերման նորագույն մեթոդները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում