4+4+4 ֆորմատի քաղհասարակության ներկայացուցիչները մարտավարություն չեն մշակել
Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների համար ստեղծվող 4+4+4 ֆորմատի՝ ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն, բանակցություններին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները դեռ չեն հավաքվել և չեն հստակեցրել իրենց մարտավարությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց այդ ֆորմատում քաղհասարակության ներկայացուցիչ ընտրված իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Դեռ հստակ չէ՝ ինչ մարտավարություն ենք որդեգրելու, հանդիպում չի եղել, չենք քննարկել: Երբ կհստակեցնենք մեր դիրքորոշումը, հետո միայն հանդես կգանք հայտարարություններով», -հավելեց Զեյնալյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ առաջնային հարցեր է բանակցություններում բարձրացնելու քաղհասարակությունը ներկայացնող անձանց խումբը:
Դիտարկմանը, թե արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ 4+4+4 ֆորմատից որևէ ակնկալիք, որևէ դրական զարգացում սպասել պետք չէ, Զեյնալյանը ձեռնպահ մնաց նման հայտարարություններին գնահատական տալուց:
«Այս փուլում մենք որևէ հայտարարության չենք արձագանքելու», -ասաց նա:
Նշենք, որ 4+4+4 ֆորմատում քաղաքացիական հասարակությունն ընտրել էր հետևյալ գործիչներին, որոնք հիմնական են լինելու Սոնա Այվազյան, Արտակ Զեյնալյան, Լևոն Բարսեղյան, Տիգրան Եգորյան: Փոխարինող ներկայացուցիչներ են լինելու Ստեփան Դանիելյանը և Դանիել Իոաննեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է 4+4+4 ձևաչափում քաղհասարակության ներկայացուցիչների կազմը
- ՀԱԿ-ը կներկայացնի 4+4+4 ֆորմատի ցուցակը
- Դավիթ Հարությունյանը համաձայնություն է տվել Լևոն Զուրաբյանի առաջարկին