Կրոնական կազմակերպությունների անօրինական գործողությունների դեմ պետք է պետական քաղաքականություն մշակել. Ն. Բադալյան
Կրոնական գործունեություն ծավալող 67 կազմակերպություն կա Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-ազգայնական շարժման ղեկավար Նորայր Բադալյանը:
Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունները հիմնականում պատվերներ իրականացնողներ են:
«Մեր եկեղեցին ուժեղացնելու խնդիր ունի, որպեսզի նման կազմակերպությունները չկարողանան ունենալ հետևերոդներ: Խնդրի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակել է պետք»,-նշեց Հայ-ազգայնական շարժման ղեկավարը:
Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանն էլ օրինակ բերեց, որ կա տարբեր դավանաբանություն ունեցող չորս կազմակերպություն, որոնց անունները կապված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ավետարանաչական եկեղեցու հետ, դրանք ղեկավարում է մեկ մարդ, ինչից էլ հետևում է, որ այդ կազմակերպությունները ունեն բոլորովին այլ նպատակ:
«Մտքի, խղճի և կրոնի ազատության օրենքում բաց կա, պետք է այն նորից սահմանել, կամ հստակեցնել՝ ինչ է հոգեորսությունը»,-ասաց Սևան Աղաջանյանը՝ նշելով, որ մոտ օրերս այդ կազմակերությունների՝ անօրինական գործունեության հետ կապված դիմելու են ոստիկանություն: