Հայաստանի տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ. Գ.Սուրենյան
Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանի տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա:
Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը և վաղը առավոտյան ժամերին, առանձին հատվածներում կթափվի ամսեկան նորմայի չափ անձրև և ձյուն: Լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային բնակավայրեորւմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախալեռնային և հոտային բնակավայրերում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ: Ըստ նրա, քանի որ գիշերը հանրապետություն են ներխուժելու արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ապա վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10…+12 աստիճանի սահմաններում:
Գ.Սուրենյանի խոսքով, մարտի 29-ի կեսօրից հետո ցիկլոնը աստիճանաբար կկորցնի իր ուժը, ինչի հետևանքով կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը:
Մարտի 30-31-ին հանրապետությունում փոփոխական ամպամածությունը կպահպանվի, հատկապես կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն նաև կարճատև անձրևներ: