ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով հայաստանցի և ռուսաստանցի երիտասարդ լրագրողները կպատմեն Երևանի կյանքի մասին
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Մեդիապոլիգոն-Երևան 24» միջոցառման հանդիսավոր բացումը:
Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին և կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաև 4G Wi-Fi երթուղղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու և համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը և հեռարձակումն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախագծի մասնակիցներն իրենց պատրաստած տեքստային, ֆոտո և տեսանյութերն ուղարկելու են «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնում տեղակայված՝ նախագծի գլխավոր գրասենյակ, որտեղից էլ դրանք հրապարակվելու են:
Երևանում «Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագիրը կազմակերպվել է մոսկովյան «Էկսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի և «Արմինֆո» լրատվական գործակալության համագործակցությամբ:
«Մեր ընկերությունը բարձր է գնահատում ուսուցողական, ճանաչողական բնույթ կրող նախաձեռնությունների կազմակերպումը: «Մեդիապոլիգոն-Երևան 24» նախագծի դեպքում ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ միմյանց հետ շփվելու, միմյանցից սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է կշռադատելու ունակություն և իրողությունն անաչառ, ազնիվ և արդար մեկնաբանելու վճռականություն: Սրանք մարդկային հատկանիշներ են, որոնք ձեռք են բերվում անըդհատ ինքնազարգացման, ինքնակրթման, սեփական անձը հղկելու արդյունքում: Ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի հնարավորությունները կծառայեն այս երիտասարդների՝ նախագծի շրջանակում աշխատանքը կազմակերպելու գործին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեդիապոլիգոն-Երևան 24»-ը ինովացիոն կրթական ծրագիր է, որի նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել լրատվական ոլորտի գործող և ապագա մասնագետներին: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ լրագրողներին և ուսանողներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և ծանոթանալու ճանաչված մասնագետների հետ: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի մի շարք ճանաչված լրագրողներ, հրավիրվելու են Հայաստանի ճանաչված մասնագետներ: Շուրջ մեկ շաբաթ մասնագետները դասընթացներ և վարպետության դասեր են անցկացնելու լրատվության, լուսանկարչության և տեսանյութերի պատրաստման ոլորտներում: «Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագրին մասնակցելու են նաև երիտասարդ լրագրողներ և ուսանողներ՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներից:
«Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագիրը ներառում է նաև «Երևան 24» խորագիրը կրող մի յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի երիտասարդ մասնակիցները ներկայացնելու են Երևանի կյանքը՝ առավոտից մինչև հաջորդ առավոտ: Մասնակիցներն այցելելու են մայրաքաղաքի տարբեր վայրեր և Երևանի կյանքի մասին նյութեր են պատրաստելու, որոնք 24 ժամվա ընթացքում հրապարակվելու են «Ռուսսկիյ ռեպոռտյոռ» ամսագրի և «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ www.24.rusrep.ru / www.arminfo.info հասցեով:
Երևանն իներորդ քաղաքն է, որտեղ իրականացվում է «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրը. մինչ այդ ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան