Տիկնիկային թատրոնը ստիպված հրաժարվել է Ավստրիա մեկնելուց
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը տարվա ընթացքում տարբեր միջազգային փառատոներից հրավերներ է ստանում, բայց ոչ բոլորին է կարողանում մասնակցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը այս մասին նշեց Panorama.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է ֆինանսավորումից:
«Վերջերս ստիպված եղանք հրաժարվել Ավստրիա մեկնելուց, քանի որ ճանապարհածախսի խնդիր կար: Ունենք մի քանի այլ հրավեր ևս՝ Խորվաթիա, Ռուսաստան, Բուլղարիա: Տեսնենք, որը կընդունեք»,-ասաց նա:
Ռ.Բաբայանի խոսքով, երևանյան տիկնիկային թատրոնը որևէ բանով հետ չի ընկում այլ երկրների նմանատիպ թատրոններից, այլապես միջազգային փառատոներից հաճախակի չէին հրավիրի: Նա հիշեցրեց, որ միայն 2015-ին 7 միջազգային փառոտոնի են մասնացել:
«Թատրոնը պահանջված է լինում, երբ արվեստի հիմքում դրված է լինում կարևորագույն խնդիր՝ ստեղծագործությունը: Եթե ստեղծագործում ես, երբեք հետ չես ընկնի»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսը կտեսնի թատրոնի հին ներկայացումներից «Օպերացիա համեղ պատառիկ»-ի վերականգնված տարբերակը, տարվա ընթացքում կպատրաստվի Ղազարոս Աղայանի «Անահիտ» ներկայացումը, Հանս Քրիստիան Անդերսեի «Մատնաչափիկը» ստվերային, Դոկտոր Սյուզի «Փիղ Հորթոնը» և այլ ներկայացումներ:
«Ամենակարևորն այն է, որ ներկայացումները հիմնականում բեմադրում են երիտասարդ ռեժիսորները, խաղում են երիտասարդ դերասանները: Սա ապացուցում է, որ թատրոնը լավ ապագա ունի»,- ասաց Ռ.Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Տիկնիկային թատրոնը նպաստում է ազատ մտքի ձևավորմանը. Ռ.Բաբայան
- Թատրոնի առջև չի կարող դրվել մի խնդիր՝ փող վաստակել. Ռուբեն Բաբայան