Տնտեսություն 18:00 28/03/2016 Հայաստան

Հայկական տուրիստական շուկայի զարգացման ապագան ինովացիոն տեխնոլոգիաներն են

Հայկական զբոսաշրջային ոլորտն ուսումնասիրելուց հետո հայ երիտասարդների մի խումբ Հայաստանի զբոսաշրջային վայրերն աշխարհին ներկայացնող նոր հարթակ է ստեղծել՝  Wandelion: Հարթակի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Wandelion-ի համահիմնադիր և տնօրեն Զորիկ Ծատուրյանի հետ։

- Ի ՞նչ միտումներ ունի համաշխարհային տուրիստական շուկան համացանցում և ինչպե ՞ս է ներկայանում հայկական շուկան այնտեղ:

-Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` աշխարհում զբոսաշրջիկների թիվը 2014թ.-ին հատել է 1 միլիարդը և այն շարունակում է աճել: Համաշխարհային տուրիզմի արագ զարգացմանը իր նպաստ են բերում տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են ստեղծում արագ և ապահով կազմակերպել ճամփորդությունները: Այսօր աշխարհում ճամփորդողների 70-80%-ը ճանապարհորդության մասին տեղեկատվություն է ստանում  ինտերնետից, իսկ Արևմուտքում ամրագրումների 50-60% կատարվում է առցանց հարթակներում, և այդ  միտումը շարունակում է:

Ի տարբերություն տուրիզմի համաշխարհային շուկայի միտումների, հետխորհրդային երկրների տուրիստական ընկերությունները դեռևս լիարժեք չեն օգտագործում համացանցի տված հնարավորությունները: Հիմնական խոչընդոտներից մեկը հանդիսանում է առցանց վճարային համակարգերի բացակայությունը: Ինտերնետում հայկական տուրիստական փաթեթների վաճառքը իրականացվում է արտերկրի տուրիստական հարթակների միջոցով, որոնք մասնագիտացված չեն հայկական շուկայի վրա: Տուրիզմի հայկական շուկան մեծ չէ,  դրանից էլ բխում է նրա նկատմամբ քիչ հետաքրքրվածությունը: Հետևաբար, նրանք մեծ ռեսուրս չեն ծախսում, որպեսզի կարողանան փաթեթների ամբողջական տեսականին ներկայացնել իրենց հարթակներում:

- Ինչքանո՞վ են տեղական տուրօպերատորները օգտվում համացանցի տված հնարավորություններից:

-Տեղական տուրօպերատորները համացանցում եղած իրենց ռեսուրսներով կարողանում են բավարարել շուկայի պահանջարկի ընդամենը 2-3%-ը: Պատճառները մի քանիսն են, բայց նշենք երկուսը՝ անկախ տեղական տուրիստական հարթակների և վճարային առցանց համակարգի բացակայություն:
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական շուկայում աշխատող տուրօպերատորները համացանցում իրենց ծառայությունների տեսանելիությունն ապահովելու համար պետք է ամսական ծախսեն նվազագույնը $400-500: Այս գումարով հնարավոր է մասնակի տեսանելիություն ապահովել սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում: Իրականում սա մեծ գումար է տեղական տուրիզմի շուկայի համար: Եթե խոշոր տուրօպերատորները կարող են իրենց թույլ տալ նման ծախսեր, ապա  փոքր տուր-օպերատորների համար դա շատ դժվար է:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Wandelion-ը և ի՞նչ է առաջարկում տեղական տուր-օպերատորներին:
-Wandelion-ը տուրիստական հարթակ է, որ գալիս է լրացնելու առցանց հայկական տուրիզմի շուկայի բաց կողմերը: Մենք հաղթող ենք ճանաչվել 2015 թվականի  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում: Մեր թիմը կազմված է ինտերնետ մարկետինգի և վաճառքի մասնագետներից, որոնց աշխատանքը ուղղված է հարթակում տեղ գտած տուր-փաթեթները թիրախային լսարանին հասցնելուն և վաճառքներ ապահովելուն: Wandelion-ը հավասար պայմաններ է ստեղծում տուր-փաթեթների շուկայի թե՛ մեծ, թե՛ փոքր տուրօպերատորների համար: Հարթակը ունի միջազգային չափանիշներին համապատասխան գործիքներ, այդ թվում՝ ապահով միջազգային վճարման Paypal համակարգը:

- Ի՞նչ կտա տեղական տուրօպերատորերին համագործակցությունը Wandelion-ի հետ: 
-Այն տուրօպերատորներին հնարավորություն կտա կրճատելու ինտերնետ մարկետինգին ուղղված իրենց ծախսերը առնվազն 50-70%-ով, իսկ խնայած գումարն ուղղել իրենց ծառայությունների որակի բարձրացմանը: Կբարձրացնի վաճառքների քանակը առնվազն 10-20%-ով առաջին տարում, ինչպես նաև տուր-փաթեթները ավելի ներկայանալի ու ինֆորմատիվ դարձնելու հնարավորություն կտա:

Ուսումնասիրելով միջազգային փորձը Wandelion-ը պատրաստել է տուրերի կազմման սեփական ձևաչափը, որի համաձայն՝ զբոսաշրջիկը կարողանում է ավելի հեշտ կերպով համեմատություն անել նմանատիպ տուրերի հետ և գնել նախընտրելին: Wandelion-ի թիմը անընդհատ աշխատում է շուկայի զարգացման միտումների վերլուծությամբ և նոր շուկաներ գտնելու ուղղությամբ: Մենք կիսում ենք տեղեկատվությունը մեր գործընկերների հետ, որպեսզի նրանք կարողանան նոր շուկայի պահանջարկներին  համապատասխան առաջարկ ապահովել:

- Ո ՞ր տուրօպերատորները կարող են օգտվել հարթակից:
-Wandelion հարթակը առանց խտրականության բաց է տեղական շուկայի բոլոր տուրօպերատորների համար: Մեր նպատակն է հայկական կազմակերպված տուրիզմի շուկան համացանցում դարձնել հնարավորինս ներկայանալի և գրավիչ, մատչելի դարձնել ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները մեր տուրօպերատորների համար: Ի դեպ, հարթակը նախատեսված է ոչ միայն տուրօպերատորների, այլ ցանկացած զբոսաշրջիկի համար: Բոլորը կարող են օգտվել այս համակարգից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}