Առևանգված եգիպտական օդանավի ուղևորները բաց են թողնվել
Բանակցությունների արդյունքում՝ առևանգված օդանավից բաց են թողնվել բոլոր եգիպտացի ուղևորները: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում հայտնում է EgyptAir ընկերությունը:
Ինչպես հաղորդվում է, այս պահին առևանգված օդանավում շարունակում են մնալ միայն անձնակազմի անդամները և չորս օտարերկրացիներ, որոնք ավելի վաղ հաղորդված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:
EgyptAir-ին պատկանող և Ալեքսանդրիա-Կահիրե թռիչքն իրականացնող ինքնաթիռում, ըստ պաշտոնական տեղեկությունների, եղել է 81 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Առևանգվելուց հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, որտեղ էլ գտնվում է մինչ այս պահը:
Նշվում է, որ առևանգիչը բանակցությունների ժամանակ պահանջել է օդանավակայանի տարածքից հեռացնել ոստիկանական ուժերը: