Մեր նպատակն է Գիլանի բնակավայրի խնդրին լուծում տալ՝ չխախտելով տեղի բնակիչների իրավունքները. նախարար
Այսօր առանձնակի նշանակություն ունի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Գիլանի բնակավայրի խնդիրը, նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն՝ այսօր Արարատի մարզում խորհրդակցության ժամանակ:Տեղեկացնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Նա նաև հիշեցրել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ է տրված և միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները:
«Մեր նպատակն է այս իրավիճակին լուծում տալ չխախտելով տեղի բնակիչների իրավունքները: Հարցի լուծումներից մեկն այն է, որ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում առաջարկենք բնակավայրի տարածքը վերադարձնել համայնքին, բայց, նույն չափով տարածքներ, որոնք համապատասխանում են արգելոցի չափանիշներին, համապատասխան համայնքներից տրվեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի հատուկ պահպանվող տարածքի չափերը չպակասեն: Ես անձամբ հանդիպել եմ տեղի բնակիչներին, ծանոթացել խնդրին և կարծում եմ, որ այս լուծումը կբավարարի բոլոր կողմերին»,-հայտնել է Ա. Գրիգորյանը:
Լսելով համայնքի ղեկավարների կարծիքները` նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներից և համայնքի ղեկավարներից ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում քննարկելով և լսելով կողմերի կարծիքները` կներկայացնի հստակ առաջարկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլանի բնակավայրի խնդրի լուծման առնչությամբ:
Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է հանրապետությունում և մասնավորապես Արարատի մարզում զարգացնել էկոտուրիզմը: Այդ նպատակով տարածաշրջանում կան համապատասխան պայմաններ: Մասնավորապես` Խոր Վիրապի տարածքում կա թռչունների միգրացիայի դիտակետ, որը պետք է կատարելագործել, ինչը կավելացնի Եվրոպայից թռչունների միգրացիային հետևել ցանկացող զբոսաշրջիկների թիվը: Սա կնպաստի նաև տարածաշրջանի տուրիզմի զարգացմանը, քանի որ Խոր Վիրապը եղել է հայ քրիստոնեական մշակույթի բնօրրանը:
Նախարար տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվելու են խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները և մարզպետին առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի մասնագետին, որպեսզի համատեղ որոշումներ կայացվեն ոռոգման կամ խմելու նպատակով օգտագործվող համայնքային նշանակության խորքային հորերի վերաբերյալ, իսկ այն հորերը, որոնք որևէ նպատակի չեն ծառայում և վնաս են հասցնում շրջակա միջավայրին` լուծարել կամ կոնսերվացնել: Նախարարը հայտնել է, որ այսօր Արարատի մարզի խորքային հորերի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ նախորդ երկու տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած լուծարման, կոնսերվացման և կարգաբերման միջոցառումների արդյունքում որոշ հատվածներում կան խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան