Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում Էրոս Ռամազոտիի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները: Նման հայտարարություն է տարածել Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:
«Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթիվը. այն կտեղադրվի կայքում՝ www.forpostart.ru: Համերգի չեղյալ հայտարարվելու դեպքում GLOBAL COMMUNICATIONS ընկերությունն անհապաղ պետք է ծանուցի այդ մասին կատարողին:
«Սակայն մենք պարոն Ա. Ագապովից ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Նշված ծանուցումը ստանալուց անմիջապես հետո, անհապաղ կազդարարենք «Ենթագործակալներին» համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է GLOBAL COMMUNICATIONS ընկերության սեփականությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը, հայտնում է, որ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում են, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում՝ տուրի ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:
Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, «մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան