Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը մեկնարկում է
Այսօրվանից Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մշակութային ծրագրի նպատակն է խթանել մանկապատանեկան ընթերցանությունը, հանրայնացնել մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական և գրական ստեղծագործությունները, ամրապնդել գիրք-ընթերցող կապը: Թիրախային խմբերն են` մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ և գրողներ:
Ավանդաբար անցկացվող շաբաթը կմեկնարկի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում` նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությամբ:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում, գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտության կոլեկտիվ ունկնդրումներ, վիկտորինաներ, մրցույթներ:
Փակման օրը՝ ապրիլի 4-ին, գրադարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում գրողների և մանկագիրների հետ:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն նաև հանրապետության մի շարք դպրոցներ, գրադարաններ: