Հայկական մշակույթի շաբաթ՝ Տոկիոյում
Մարտի 22-27-ը Տոկիոյում անցկացվել է հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շաբաթը մեկնարկել է «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրել է հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվել են հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։
Շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, ինչպես նաև հայ և ճապոնացի երաժիշտների՝ դասական երաժշտության համատեղ համերգներ: Միջոցառումների շրջանակում կայացել են նաև հայկական և ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։
Մշակույթի շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, Կոմիտաս միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։