Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվելու է «Դիրիժորություն» մասնագիտությամբ
Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ: Մրցույթն ուղղված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:
classical-music.com կայքի տեղեկացմամբ, Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն անցկացվում է «Դիրիժորություն» մասնագիտությամբ։ Առաջին անգամ է մրցույթն անցկացվում այս մասնագիտությամբ:
Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Դիրիժորություն» մասնագիտությամբ մրցույթը միտված է երիտասարդ դիրիժորների ներկայացմանն ու առաջխաղացման աջակցությանը: Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։
Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին կարող են մասնակցել 1981թ. հունիսի 6-ից հետո ծնված դիրիժորները՝ անկախ քաղաքացիությունից:
Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 2 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (եզրափակիչ): Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 12 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 4 մասնակից: Հատուկ դեպքերում, ժյուրիի որոշմամբ, հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի մեծ թվով մասնակիցներ: Մասնակիցները մրցույթին ներկայանալու հրավեր կստանան 2016թ. մայիսի 1-ից ոչ ուշ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003թ-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:
Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան – մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մրցույթի պաշտոնական նվագախումբն է:
Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է` այն ներառում է ներկայացուցիչների ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից և այլ երկրներից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է: