Egypt Air-ի օդանավն առևանգողի պայթուցիկով գոտին կեղծ է եղել
Եգիպտական Egypt Air ավիաընկերության օդանավն առևանգած ուղևորի պայթուցիկով գոտին կեղծ է եղել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության տարածած հաղորդագրությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 81 ուղևորներով եգիպտական օդանավն առևանգած Եգիպտոսի քաղաքացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան օդանավից դուրս է եկել ձեռքերը վեր պարզած և հանձնվել է Կիպրոսի իրավապահ մարմիններին:
Օդանավում գտնվող ուղևորներից 21-ը արտասահմանցիներ են եղել, իսկ բացի ուղևորներից օդանավում եղել է նաև 18 հոգանոց անձնակազմ:
Հիշեցնենք, որ առավոտյան Սեյֆ ադ-Դին Մուստաֆան առևանգել էր Egypt Air ավիաընկերության օդանավը` անձնակազմին սպառնալով պայթեցնել իրեն ամրացված պայթուցիկ գոտին: Ինքնաթիռը Ալեքսանդրիայից Կահիրե թռչելու ճանապարհի կեսից փոխել էր ուղղությունը և վայրէջք էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ օդանավն առևանգողի մոտիվացիան դեռևս անհասկանալի է: