Դ. Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը
«Մեր մարզերի ակտիվ համագործակցությունը Իրանի նահանգների հետ մենք պետք է կարողանանք նոր մակարդակի վեր հանել»,- ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ընդունելով ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ Դավիթ Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելութունն իրականացնելու վեց ամիսների ընթացքում հասցրել է անդրադառնալ բոլոր այն հարցերին և խնդիրներին, որոնք գտնվում են ինչպես նախարարության, այնպես էլ դեսպանության ուշադրության կենտրոնում:
Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախատեսվում է նախարարությունում ստեղծել Իրանի հարցերով աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին:
Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են մարզպետների մակարդակով հաճախակի փոխայցելությունները, ինչը, կողմերի համոզմամբ, նոր ակտիվություն կհաղորդի միջմարզային հարաբերություններին: