Ազգային ժողովի նոր Կանոնակարգ օրենքը դեռ սևագրություն է
Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքի վրա աշխատանքներն ընթանում են, կատարվում են ուսումնասիրություններ, բայց դեռ մշակված նախագիծ չկա:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ օրենքի մշակման համար կազմավորված խումբը վերջերս է վերադարձել Գերմանիայից, որտեղ մեկնել էր ծանոթանալու գերմանական խորհրդարանական կառավարման փորձին:
«Կատարեցինք ուսումնասիրությունները, եկանք: Էս փուլում ի մի ենք բերում ընդհանուր մոտեցումները, Սահմանադրությունից բխող բոլոր փոփոխություններն ամբողջացնում ենք, որից հետո, երբ արդեն նախագիծն աշխատանքային տարբերակով պատրաստ կլինի, կսկսենք քննարկել նաև մեր գործընկերների հետ», -նշեց Սահակյանը:
Նախագիծ, որպես այդպիսին, դեռ չկա, կա սևագրություն և դրան զուգահեռ աշխատանքային խումբը քննարկում է նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
«Աշխատանքները բավականին ծանր են, դրա համար մի քիչ ավելի շուտ ենք սկսել: Կարծում եմ, մինչև մեր արձակուրդ մեկնելը, մենք կունենանք ընդհանուր մի փաստաթուղթ, որն արդեն կսկսենք քննարկել մինչև պաշտոնական շրջանառության մեջ դնելը: Շահագրգիռ անձանցից, ինստիտուներից կարծիք ստանալուց հետո նոր կմաքրագրենք, կպատրաստենք ու կդնենք շրջանառության մեջ», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ԱԺ կանոնակարգ օրենքի հիմնական սկզբունքները բխելու են Սահմանադրությունից, և աշխատանքային խմբի անելիքը լինելու Կանոնակարգ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելը:
Ինչ սովորեցին Գերմանիայի փորձից հարցին ի պատասխան, Սահակյանն ասաց, որ որպես ժողովրդավարական երկիր, այնտեղի խորհրդարանում ընդդիմության և իշխանության միջև կա փոխադարձ վերահսկողության մեխանիզմ:
«Ընդդիմությունն այնտեղ քիչ է, և փորձում են կանոնկարգումներն անել կոնսենսուսի միջոցով: Այս առումով մեզ համար դա ուսանելի է: Բազաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները փորձում ենք տող առ տող, լուծումները գտնելով գնալ առաջ», -նշեց Հովհաննես Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին