Սոս Գիմիշյան. Ադրբեջանով երկաթգիծ տանելուն Ռուսաստանն ու Իրանը չեն գնա
Ռուս-թուրքական լարված հարաբերությունները Հայաստանի համար ձեռնտու են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Երբ ՆԱՏՕ-ի դրդմամբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանն ամբողջությամբ կորցրեց Թուրքիայի նկատմամբ ունեցած վստահությունը: Դա լավ է, քանի որ երբ մեր թշնամու հետ մեր գործընկերը լավ հարաբերություններ է ունենում, մենք չենք կարողանում մեր շահերը լավագույնս ապահովել»,-ասաց Գիմիշյանը:
Նա նկատեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է լավագույնս հասկանա, արդյոք ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մտադիր են տարածշրջանում Քրդստան պետություն ստեղծել. «Եթե դա այդպես է, ապա մենք պետք է քաղաքական, դիվանագիտական, անուղղակի ռազմական ակտիվություն ցուցաբերենք, որովհետև մենք ունենք ազգային գերնպատակ: Դա կարծում եմ, ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ փոխհատուցում ու հետևանքների վերացումը»:
Նրա խոսքով, երկու հզոր պետությունների շահերի հակասումից Հայաստանը չպետք է ոտատակ ընկնի, բայց այսօր բարենպաստ պայմաններ են ստեղծվել ճկուն քաղաքականության համար:
«Եթե Քրդստանի հարցը բարձրացավ, չի բացառվում, որ շատ երկրների ձեռնտու լինի ունենալ ոչ մեծ Քրդստան: Քրդերը վաղուց աչք ունեն հայկական տարածքների վրա: Չի բացառվում, որ Արևմտյան Հայաստանի հարց առաջ գա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա առկա պայմանները քաղաքական գործիչը բարենպաստ է համարում:
Գիմիշյանը նկատեց, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան հարաբերություններում Ադրբեջանն իրեն ցուցաբերեց որպես Թուրքիայի կրտսեր եղբայր:
«Այսինքն Ադրբեջանով երկաթգիծ տանելուն Ռուսաստանն ու Իրանը չեն գնա: Աշխարհքաղաքական շահերն այստեղ ավելի կարևոր են, քան տնտեսական հարմարությունները: Դրա համար չեմ հավատում, եթե իհարկե Ռուսաստանը նպատակ չունի Ադրբեջանին քաշել ԵՏՄ, ինչը, իմ կարծիքով, անհնար է, քանի որ Ադրբեջանը Թուրքիա է, Թուրքիան էլ ՆԱՏՕ է, ՆԱՏՕ-ն էլ՝ ԱՄՆ է: Այս շղթայում բացառվում է, որևէ մեկը թույլ տա Ադրբեջանին նման քայլ կատարել»,-ասաց նա:
Գիմիշյանը համարում է, որ 1994-ին մեր ժողովուրդը փակել է Ղարաբաղի հարցը, իսկ շահերի նման համադրման պայմաններում հարցն ընդհանրապես փակվում է. «Որևէ բան վերադարձնել Ադրբեջանին խաղաղության պայմանագրով ձեռնտու չէ»:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նկատեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, այդ թվում նաև Ադրբեջանի ներգրավումը ԵՏՄ-ին:
«Ռուս-ադրբեջանական մերձեցման քայլերը՝ այդ թվում զենքի վաճառքը խոսում է այն մասին, որ քաղաքականությունը միանշանակ չէ»,-նկատեց Բադեյանը, ավելացնելով, որ չի բացառում Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումը ևս:
Նա համարում է, որ Իրանը նախընտրում է երկաթգիծն անցկացնել Հայաստանի միջով, սակայն այստեղ կա Վրաստանի գործոնը, «որի հարաբերությունները Ռուսաստանի հետ հայտնի են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները