ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ֆորմատի առաջին հանդիպումը՝ մարտի 30-ին
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ֆորմատով բանակցությունները այս շաբաթ իրականություն կդառնան. ֆորմատի առաջին հանդիպումը կկայանա մարտի 30-ին, ժամը 17:30-ին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները մեզ մոտ ինտենսիվ բնույթ են կրում: Վաղն առավոտյան ևս ունենք աշխատանքային քննարկում: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով քննարկել հարցը, բայց թող մեզ չպարտադրեն՝ մենք չորս հոգով ենք նստելո՞ւ, թե՞ 10, թե՞ 20, թե՞ 1 և արդյոք այդ սեղանը կլո՞ր է լինելու, թե՞ ձվաձև: Չեմ կարծում, որ դա կարևոր է, կարևորը բովանդակային քննարկումն է և ոչ թե ձևը: Ես կուզենայի, որ մենք կարևորությունը տանք բովանդակությանը և ոչ թե ձևին», -ասաց Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ լսումների արդյունքներով 3 տասնյակից ավելի առաջարկություններ են ստացվել քաղաքական ուժերից ու հասարակական կազմակերպություններից:
Հիշեցնենքՙ 4+4+4 ձևաչափում, որտեղ քննարկվելու են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հարցեր, ընդգրկված են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբյան. Հայաստանում աննախադեպ երկու զարգացում է եղել
- Թևան Պողոսյանի նկատառումները՝ 4+4+4 ձևաչափի մասին
- 4+4+4 ֆորմատի քաղհասարակության ներկայացուցիչները մարտավարություն չեն մշակել
- Հայտնի է 4+4+4 ձևաչափում քաղհասարակության ներկայացուցիչների կազմը
- ՀԱԿ-ը կներկայացնի 4+4+4 ֆորմատի ցուցակը