«Զվարթնոցի» հին շենքն ունի բոլոր հնարավորությունները էժան ձևով վերածվելու ժամանակակից շենքի. Դ. Ադբաշյան
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը մեզ համար շատ ցավալի հարց է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը՝ նշելով, որ այդ շենքի մեջ այնքան գաղափաներ են հաշվի առնված, որոնք նոր շենքի մեջ չկան:
«Կլոր շենքի մոտ կան 14 ինքնաթիռի կայաններ, շենքի աշտարակի բարձրությունը 61մ է և այնպես էր հաշվի առնված, որպեսզի այնտեղ նստած դիսպետչերը կարողանա ամբողջ պրոցեսը տեսնել և կառավարել: Իսկ ժամանող և գնացող ուղևորները տարանջատված էին շենքի հարկերով»,-թվարկեց Ադբաշյանը՝ շեշտելով, որ «Զվարթնոցը» աշխարհի չեմպիոն էր:
Նա նշեց, որ չի ժխտում՝ բազմաթիվ առավելությունների հետ, շենքը նաև թերություններ ունի. «Այն նախատեսված էր ներքին թռիչքների համար, ոչ մաքսատան և սահմանապահների համար, դրա համար էլ ասում են, որ չի համապատասխանում միջազգային պահանջներին: Սակայն ազատ տարածքներ կան, որոնք շատ հեշտությամբ կարելի է օգտագործել այդ ծառայությունների համար»:
Ինչ վերաբերում է շենքի վթարայնության մասին խոսակցություններին՝ «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահն ընդգծեց, որ դա շատ որակով է կառուցված և խոսակցությունները սուտ են. «Ես շենքի կառուցումից հետո գծագրով գնացել եմ Մոսկվա և ինձ այնտեղ ասել են, որ երկու, երեք անգամ ամրության առումով բարձր է»:
Նրա խոսքով, «Զվարթնոցի» հին շենքն ունի բոլոր հնարավորությունները շատ էժան ձևով այն վերածել ամենաժամանակակից պահանջներով շենքի. «Պետք է ընդունել վերջնական որոշում, որ դրան ոչ ոք ձեռք չի տալիս, կամ էլ գալիս են խելոք մարդիկ և ասում, որ դա կարելի է համապատասխանեցնել ամենաժամանակակից օդանավակայնների պահանջներին»:
Ամփոփելով հանդիպումը՝ Դմիտրի Ադբաշյանը տեղեկացրեց՝ իրենց նիստում, որին մասնակցել են ավիացիայի վետերանները, բոլորի սիրտը ցավում էր, նրանք պատրաստ են անվճար մասնակցել հին շենքում նոր տեխնոլոգիաների մշակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան