Շմոլ գազից թունավորված ընտանիքի անդամներից երկուսի վիճակը միջին ծանրության է
Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները թունավորումով տեղափոխվել են Եղվարդի «Նաիրի» և Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխվել են 4 հոգի:
«Նրանք թունավորվել են շմոլ գազից: Մեզ մոտ է տեղափոխվել 4 հոգի: Երկու մեծահասակների վիճակը միջին ծանրությանը է, մյուս երկուսի վիճակը գնահատվում է բավարար»,- ասացին հիվանդանոցից:
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ից էլ փոխանցեցին, որ հիվանդանոց տեղափոխվածների մասին տեղեկտավություն կտան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 05.07-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդամբ, պարզվել է, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Լ. Շ.-ը, Մ. Շ.-ը, Մ. Շ.-ը և Պ. Շ.-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: