Հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է. Արտեմ Ասատրյան
ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի նախագիծն այժմ լրամշակվում է և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որն այս օրերին ակտիվ քննարկման փուլում է: Հինգ ենթաբաղադրիչից բաղկացած ծրագրի նախագծի բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է: Մասնավորապես, շրջանառվում է առանց կանխավճարի բնակարաններ տրամադրելու հարցը:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի, Արտեմ Ասատրյանը հստակ պատասխան չտվեց: Նա նշեց, որ ենթաբաղադրիչի հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է:
«Ես իսկապես շատ ուրախ եմ, որ մեր նախագիծը հանրային քննարկման լայն շրջանակներ է ընդգրկել: Մեր առաջարկությունները, որոնք ձևավորվել են նախագծում, հստակ հիմնված են կատարված հետազոտությունների, վերլուծությունների վրա և ուղղված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Ծրագիրն ունի 5 ենթաբաղադրիչներ և հիմնական նպատակը սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է Հայաստանում»,- ասաց նա:
Ըստ նրա, իրենք խոսում են հասարակության այն շերտերի մասին, որոնք կարող են սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու դառնալ: Իսկ դա, Արտեմ Ասատրյանի խոսքով, նշանակում է, որ բնակարանային ֆոնդի ձևավորման պարտականությունն իր վրա է վերցնում պետությունը և նաև հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին՝ համապատասխան վճարումների միջոցով բնակարանը դարձնել իրենցը:
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ամբողջ նպատակը բնակարանների կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովելն է: Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ արդեն իսկ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Կանխավճարի շեմի նվազեցում, տարիքային շեմի բարձրացում. նոր պայմաններ բնակարան ձեռք բերող ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան