Դավիթ Բաբայան. Արցախի հանրապետության ճանաչումը համայն հայության հաղթանակն է
ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը համայն հայության հաղթանակն է, որովհետև այս ամենին մենք հասանք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության շնորհիվ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Հավայի նահանգը ընդգրկում է Հավայան կղզիները, որի վարչական կենտրոնը Հոնոլուլուն է: Իսկ Հոնոլուլուն ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ծննդավայրն է:
«Փաստորեն ժողովրդավարության, արդարության, ազատության համար մեր պայքարը համարժեք գնահատանքի է արժանանում տարբեր երկրներում: Եվ Հավայի նահանգի կողմից Արցախի հանրապետության ճանաչումը խորհրդանշական է քաղաքական և աշխարհագրական առումներով: Առաջին անգամ ենք մենք խաղաղօվկիանոսյան այդ տարածաշրջանում հասնում միջազգային ճանաչման»,- նշեց խոսնակը:
Բաբայանի խոսքով, սա «բարոյական, իրավական, քաղաքական և մարդասիրական հաղթանակ է», քանզի այս ձեռքբերումները գնված, վճարված չեն, ինչպես անում է Ադրբեջանը:
«Այս ձեռքբերումներին մենք հասնում ենք մեր աշխատանքի շնորհիվ և այն վարկանիշի, որ Արցախի հանրապետությունն ունի աշխարհի տարբեր երկրներում և նրանց նահանգներում»,- նշեց Բաբայանը և մատնանշեց նահանգի հայտարարության տեքստը, որում կան մարդասիրական, բարոյական, իրավական, քաղաքական շատ կարևոր շեշտադրումներ:
Անդրադառնալով սահմանային գոտում ադրբեջանական կողմի վերջին օրերին դրսևորած սադրիչ գործողություններին, Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի նկատմամբ կոշտ ու վճռական դիրքորոշում դրսևորի:
«Արդեն ամոթ է: Ալիևի կողմից հնչեցված այդ գաղափարները, համանախագահներին որպես «սադրիչ» պիտակավորելը, հակամարտությանը կրոնական դրդապատճառներ հաղորդելը, համանախագահներին ներկայացնելը որպես մահմեդականների թշնամիներ. այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մենակ չէ, նրա մեջքին կանգնած է Թուրքիան: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ջերմ հաաբերություններ ունի ահաբեկչական կազմակերպությունների հետ, Ադրբեջանը այն օգտագործում է որպես խաղաքարտ որ վախեցնի և ճնշումներ բանեցնի միջազգային հանրության վրա: Նման դրսևորումները անթույլատրելի են: Եվ միջազգային հանրությունը պետք է համարժեք քայլեր ձեռնարկի»,- նշեց նա:
«Քաղաքակիրթ աշխարհի համար պարզ է, որ մենք այստեղ պայքարում ենք ոչ միայն մեր անկախության և ազատության, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- եզրափակեց Բաբայանը: