Ջեկ Սահակյան. «Մեքսիկայում Հայաստանը չկար, իսկ այժմ ներկա է»
Մեքսիկայում բնակվող հայերի համար անցած մի քանի տարիները բեկումնային են եղել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց մեքսիկահայ գործարար, համայնքային գործիչ Ջեկ (Հակոբ) Սահակյանը:
Նրա խոսքով այսօր Մեքսիկայում ապրում են մինչև 5 հազար ծագումով հայեր, ովքեր՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Կանադայի կամ Արգենտինայի ու Ուրուգվայի հայերի, մինչև վերջերս համախմբված չէին:
«Հայ համայնքի համախմբմանը նպաստեց Հայաստանի դեսպանատան բացումը: Դա նպաստեց, որ ցանկացած հայկական ծագումով մեքսիկացի հիշի իր արմատները: Եվ հենց դա է նաև պատճառը, որ ես այսօր Հայաստանում եմ»,- պատմեց Ջեկ Սահակյանը:
Մեքսիկահայ համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն բազմաշերտ է ու հայտնի: Այստեղ բնակվում են ինչպես ցեղասպանությունից անմիջապես հետո այդ երկիր արտագաղթած հայերի ժառանգներ, այնպես էլ այլ տարածաշրջաններից՝ հատկապես Մերձավոր Արևելքից ու Լատինական Ամերիկայից հետագայում գաղթածներ: Ջեկ Սահակյանի ներկայացմամբ՝ վերջին շրջանում հատկապես շատ են Վենեսուելայից ու Հայաստանից ժամանած հայերը: Նրա խոսքով, շատերն, այդ թվում հայերը, Մեքսիկա այցելում են՝ հետագայում Միացյալ Նահանգներ անցնելու նպատակով, սակայն վերջին շրջանում տնտեսական զարգացման բարձր տեմպերի պատճառով բազմաթիվ ներգաղթյալներ նախընտրում են մնալ Մեքսիկայում: Նույնիսկ կան դեպքեր, երբ Հյուսիսային Ամերիկայում ապրող հայեր են տեղափոխվում Մեքսիկա:
Հայերը հիմնականում ապրում են մայրաքաղաք Մեխիկոյում, և զբաղված են ամենատարբեր ոլորտներում: Ջեկ Սահակյանի հավաստմամբ՝ թեև համայնքը շատ փոքր է, սակայն Մեքսիկայում բազմաթիվ հայտնի անուններ հենց հայկական ծագման են: Նա օրինակ բերեց երգչուհի և դերասանուհի Ռոզա Գլորիա Չագոյանին (Rosa Gloria Chagoyán), հայտնի կենսաբան, ակադեմիկոս Խոսե Սարուխանին (José Sarukhán), ով եղել է Մեքսիակայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1983-1985թթ) և Ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր (1989-1997թթ): Վերջինիս որդին՝ Արթուրո Սարուխանը (Arturo Sarukhán) առավել հայտնի ու ազդեցիկ մեքսիկահայերից է: Նա եղել է Մեքսիկայի դեսպանը Միացյալ Նահանգներում, մեծ ազդեցություն է ունեցել և այսօր էլ ունի երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի թիմում: Արթուրո Սարուխանը Վաշինգտոնում աշխատած տարիներին պատկառելի ակտիվություն է ունեցել ինչպես ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունների զարգացման, այնպես էլ Վաշինգտոնի գիտա-հասարակական հարաբերություններում: Նա նաև համագործակցել է հայկական կառույցների հետ և մասնակցել ամերիկահայ համայնքի կյանքին: Առհասարակ, ըստ Ջեկ Սահակյանի, «մեքսիկացիները սիրում են հայերին, նրանք սիրում են մեզ հետ ընկերություն անել»:
Ինչ վերաբերում է մեքսիկահայ համայնքի ակտիվությանը, ապա Ջեկ Սահակյանի պատմելով, մինչև վերջերս համայնք գոյություն չուներ: «Մեքսիկայում Հայաստան գոյություն չուներ»,- բանաձևեց նա: Համայնքի համախմբման համար խթան դարձավ Ադրբեջանի հակահայ գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի և Մեքսիկայի դիվանագիտական հարաբերություններում գրանցված տեղաշարժը:
2012 թվականին Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում Հեյդար Ալիևի արձանն էր տեղադրվել: Հետագայում պարզվել էր, որ Ադրբեջանը համապատասխան թույլտվության դիմաց «վճարել» էր զբոսայգիների վերակառուցման համար գումար տրամադրելով և մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ խոստանալով: Տեղի հայերի արագ ինքնակազմակերպումն ու հակազդեցությունը հանգեցրել էր նրան, որ Մեխիկոյի օրենսդրական մարմինը հատուկ որոշմամբ պարտադրել էր քաղաքի կառավարությանը ապամոնտաժել այդ արձանը, ինչն էլ արագ իրականացվել էր:
Մյուս կարևոր իրադարձությունը Մեքսիկայում Հայաստանի դեսպանի նշանակումն էր: 2013 թվականից նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհանիսյանի պաշտոնավարումից ի վեր մեքսիկահայերի ինքնության և համախմբան հարցում առանցքային առաջընթաց է գրանցվել: Տեղի հայերն այցելում են դեսպանին և առաջարկում իրենց աջակցությունն ու զորակցությունը, իսկ դեսպանը իր հերթին հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով, որոնք նպաստում են համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը: «Հայաստանն այսօր առկա է Մեքսիկայում»,- նշում է Ջեկ Սահակյանը՝ նկատի ունենալով դեսպանության առկայությունն ու հայ համայնքի ակտիվացում: 2014-ին դեսպանության նախաձեռնությամբ Մեքսիկայում առաջին անգամ նշվեց Հայոց Մեծ եղեռնի տարելիցը: «Երկու տարի առաջ Լոս Անջելեսից Սրբազանն այցելեց Մեխիկո, և պատմության մեջ առաջին անգամ պատարագ մատուցեց»,- ուրախությամբ փաստում է Ջեկ Սահակյանը:
Այդ օրվանից ի վեր լուրջ քայլեր են արվել ինչպես մեքսիկահայերի համայնքային կյանքն ակտիվացնելու, այնպես էլ Հայաստան-Մեքսիկա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի ջանքերով 2015-ին Հայաստան է այցելել Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին: Այժմ էլ Մեքսիկայում սպասում են ՀՀ ԱԺ պաշտոնյայի այցելությանը: «Մի քանի ամիս առաջ Մեքսիկայի կոնգրեսում Մեքսիկա-Հայաստան բարեկամական խումբ ձևավորվեց»,- տեղեկացնում է Ջեկ Սահակյանը և հավելում, որ առաջիկայում կազմակերպելու են մեքսիկացի օրենսդիրների և այլ պաշտոնյաների այցը Հայաստան:
«Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես պատուհան դեպի տարածաշրջան. Դեպի Ռուսաստան, Իրան: Մենք պետք է Հայաստանը ներկայացնենք նաև որպես տուրիստական ուղղություն: Հայաստանի ողջ պատմությունը շատ կհետաքրքրի մեքսիկացիներին, քանի որ նրանց համար քրիստոնեությունը շատ կարևոր է»,- ընդգծում է մեր զրուցակիցը և հիշեցնում, որ 120 միլիոն բնակչություն ունեցող Մեքսիկան ներկայումս ամենախոշոր քրիստոնյա պետություններից է, որտեղ կրոնը մեծ ազդեցություն ունի, իսկ քրիստոնեական համերաշխությունը՝ էական նշանակություն:
Տեղի հայերի նպատակն է, որպեսզի հայ-մեքսիկական միջպետական հարաբերություններից զատ, զարգանան նաև հորիզանական և հումանիտար շփումները: Այդ նպատակով խնդիր է դրված, որպեսզի Հայաստանի և Մեքսիկայի որոշ համայնքներ դառնան քույր քաղաքներ, կազմակերպվեն փոխանակման ծրագրեր և մշակութային միջոցառումներ: «Տնտեսական առումով, կարծում եմ, Մեքսիկան շատ բան կարող է տալ Հայաստանին: Բայց ամենի հիմքում պետք է լինի բարեկամությունը: Հենց դրան էլ ուղղված են այսօրվա քայլերը, որոնցում ես մեծ ներուժ եմ տեսնում: Վերջիվերջո Մեքսիկան G-20-ի անդամ է և մեծ հնարավորություններ ունի»,- նշում է Ջեկ Սահակյանը և պնդում, որ հարաբերությունների հիմքը ճիշտ է դրված և անհրաժեշտ է հետագա քայլերը ձեռնարկել:
Մեքսիկահայերն իրենց անելիքները գիտեն, և այսօր սպասում են Հայաստանի դեսպանին: Մեքսիկայում նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այս տարվա հունվարին նշանակվել է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, և մեքսիկահայերը մեծ անհամբերությամբ են սպասում նոր դեսպանի նշանակմանը:
Զրուցեց քաղաքագետ Արմեն Մինասյանը