ԱԺ-ում լարվածությունը թուլացավ, բանակցությունները մեկնարկեցին
«Այս պահին ձեռնպահ կմնանք մեկնաբանություն տալ», -Ազգային ժողովի անցակետից ԱԺ տարածք մուտք գործելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 4+4+4 ձևաչափում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ձևաչափի մյուս մասնակիցների շրջանում դժգոհություն էր առաջացել բանակցություններն ուշացնելու առնչությամբ, Զեյնալյանն ի պատասխան ասաց, որ իրենց մոտ ևս դժգոհություն էր առաջացել, որ իրենցից անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում:
«Նույնականացման քարտը, որի մեջ գտնվում է նաև մեր ստորագրությունը, իրավաչափ չէ պատանդ թողնել այնտեղ», -հայտարարեց Զեյնալյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե կարգն է էդպես, իրենք էլ, եթե մտնում են ԱԺ շենք առանց անցագրի, ապա ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը և նոր միայն հնարավոր է լինում մուտք գործելը, բանակցություններին մյուս մասնակից, փաստաբան Տիգրան Եգորյանն արձագանքեց. «Դա իրավունքի խախտում է, եթե դուք այդ խախտման հետ հաշտվում եք, ապա մենք չենք պատրաստվում դրա հետ հաշտվել»:
Ամեն դեպքում, Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենք իրենց անձը հաստատող փաստաթուղթը թողել են անցակետում: «Թողեցինք՝ հաշվի առնելով, որ մենք բազմիցս բախվել ենք պետական իշխանությունը յուրացրած խմբի կողմից կամայական որոշումների, որոնք ստիպված ամեն անգամ պետք է գնանք վիճարկենք դատական ընթացակարգերով և նոր հասնենք մի իրավիճակի, որը կոչվում է իրավունքի գերակայություն», -հայտարարեց Եգորյանը:
Նրանք միացան քննարկման մյուս մասնակիցներին, և Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բանակցությունները մեկնարկեցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին