Նախագահը` Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում:
ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:
Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթս նահանգի Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ»
- Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան