ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր Հավայի նահանգի ժողովուրդը կանգնեց Արցախի ժողովրդի անկախության և ազատության կողքին` ամուր դիրք ընդունելով ընդդեմ այն ուժեղ լոբբիստական աշխատանքի, որը նպատակ ուներ ոտնահարել ժողովրդավարության և ինքնիշխանության ամերիկյան ու հայկական հիմնարար սկզբունքները: Սրտանց երախտագիտություն ենք հայտնում ներկայացուցիչներ Անգուս ՄըքՔելվիին և Ջոն Միզունոյին` այս ջանքերը գլխավորելու, ինչպես նաև ամբողջ Ներկայացուցիչների պալատին` նման դիրքորոշում ընդունելու համար»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրենը:
Ինչպես նշվում է, ԱՄՆ ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ևս ողջունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այդ ամենն ավելի է ուժեղացնում արցախցիների վստահությունն առ այն, որ իրենց բոլոր նվաճումները իզուր չեն արվել:
Հատկանշական է, որ բանաձևը նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունվել է Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարելիք այցից ժամեր առաջ՝ փաստացիորեն տապալելով ադրբեջանական լոբբիստների ջանքերը: Սույն բանաձևով ԱՄՆ Հավայի նահանգը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած նահանգների շարքում յոթերորդը:
Նշենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիա, Ջորջիա, Մեյն, Լուիզանա, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ նահանգները:
Բանաձևի հայերեն տեքստին կարող եք ծանոթանալ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան