Զինված խմբի թիրախում եղել են ՀՀ նախկին նախագահներին և գործող նախագահին առնչվող օբյեկտներ. Մանրամասներ
Նախորդ տարի նոյեմբերի վերջին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինված խմբի թիրախում եղել են մասնավորապես Հայաստանի նախկին երկու նախագահների և գործող նախագահին առնչվող օբյեկտներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը` ներկայացնելով նախաքննության տվյալներ:
Նա մասնավորապես, ներկայացրեց գործով ձեռք բերված իրեղեն ապացույցներ և հայտարարեց, որ խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի նստավայրը և դրա մատույցները, ինչպես նաև իրականացրել է ուսումնասիրություն երկրորդ նախագահի գործունեության վերաբերյալ: Ըստ Համբարձումյանի, երկրորդ նախագահի վերաբերյալ տեսանկարահանվել է «Էրեբունի պլազա» հյուրանոցը:
Նաև, ըստ քննչական խմբի ղեկավարի, զինված խումբը փորձել է վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքը:
«Գործող նախագահին Արթուր Վարդանյանը և խմբի անդամները մասնավորապես, հետևել են Գյումրիում սեպտեմբերին տեղի ունեցած Կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման արարողությունը: Այդ ժամանակ Արթուր Վարդանյանը եղել է հոգևոր երգչախմբի հագուստով», -հայտարարեց Համբարձումյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք խմբի անդամների թիրախում եղել է գործող նախագահը, Համբարձումյանը բացասական պատասխան տվեց` ասելով, որ խմբի առանձին անդամներ նման ծրագրեր փորձել են դնել շրջանառության մեջ, բայց Արթուր Վարդանյանի կողմից դրանք մերժվել են:
«Արվել են գործողություններ կոնկրետ օբյեկտների ուղղությամբ: Խմբի նպատակը եղել է բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելը և թիրախում եղել են կոնկրետ օբյեկտներ, որոնք պատկանել են տարբեր անձանց կամ առնչվել նրանց հետ», -հավելեց ԱԱԾ ներկայացուցիչը:
Նրա ներկայացմամբ, նախաքննության ընթացքում պարզվել են խմբի մոտ հայտնաբերված զենքի, հանդերձանքի ձեռքբերման աղբյուրները, դրանց համար վճարված գումարի չափը և այլն: Ընդհանուր առմամբ խմբի գործունեությունն իրականացնելու համար ստացել է շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար: Դրա աղբյուրը հայաստանցի է, որը գործով մեղադրյալ է: Նա անուն չհրապարակեց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին