Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, ԱԺ-ն, նաև ընդդիմադիրները եղել են զինված խմբի թիրախում. ԱԱԾ
Նախորդ տարվա նոյեմբերին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով նախաքննության ընթացքում պարզվել են մի շարք կարևորագույն հանգամանքներ , որոնք փաստող իրեղեն ապացույցներն այսօր ներկայացվեցին ասուլիսում:
ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը ներկայացրեց մի շարք իրեղեն ապացույցներ, որոնք ձեռք են բերվել վնասազերծված զինված խմբի կացարանի խուզարկության արդյունքում:
Նախ մեծ էկրանին ցուցադրվեց խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ու մյուս անդամների խմբային լուսանկարը՝ դիմակներով: Համբարձումյանը ներկայացրեց, որ նախորդ տարվա օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նրանք գտնվել են Ծաղկաբեր գյուղում, մարզվել են, սովորել են զենք կիրառել, ուսումնասիրել են մարտական սպորտաձևեր:
Այնուհետև երբ համարել են մարզումներն ավարտված, տեղափոխվել են Երևան ու որպես հավաքատեղի օգտագործել են Արթուր Վարդանյանի աներոջ՝ Արցախի փողոցում գտնվող տունը:
Ցուցադրված լուսանկարներից մեկում երևում էր խմբի անդամների հանդերձանքը՝ «հատուկ գումարտակ» գրառումով տարբերանշանները, ոստիկանական համազգեստ, որոնք խումբը, ըստ ԱԱԾ ներկայացուցչի, պատրաստվել է օգտագործել իրենց կողմից իրականացվելիք գործողության ժամանակ:
«Նախաքննության ընթացքում մեզ հաջողվել է պարզել զենքերի ռազմամթերքի, հանդերձանքի զգալի մասի ձեռք բերման աղբյուրները, հանգամանքները, վճարված գումարների չափը և դրա հետ կապված ուզում եմ նշել, որ զենքերը վաճառած կամ տված անձինք բոլորը այսօր քրեական գործով գտնվում են կալանքի տակ և մեղադրվում են համապատասխան հոդվածներով», -տեղեկացրեց Համբարձումյանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, զինված խմբի գործողությունները կյանքի կոչելու համար նրանց տրամադրվել է 60 հազար ԱՄՆ դոլար: Գումար տրամադրած անձը, որի անունը ԱԱԾ պաշտոնյան հրաժարվեց հրապարակել, նույնպես մեղադրյալ է:
Էկրանին ցուցադրվեցին նաև վնասազերծված զինված խմբի անդամների բջջային հեռախոսների լուսանկարներ: Այդ հեռախոսները, բանախոսի փոխանցմամբ, ունեցել են խմբի առանցքային դերակատարություն ունեցող անձինք, դրանք եղել են գաղտնի հեռախոսահամարներ:
«Գաղտնի հեռախոսներով կապ են պահպանել բացառապես միմյանց հետ: Սա քողարկմանն ուղղված մի գործողություն է եղել, որը իրենց չի հաջողվել. ԱԱԾ օպերատիվ մարմիններին հայտնի է դարձել դրանց առկայությունն ու դրանց համարները և գաղտնալսվել են», -ներկայացրեց Միքայել Համբարձումյանը:
Այնուհետև Համբարձումյանը ներկայացրեց Երևանի քարտեզը, որը հայտնաբերվել էր խուզարկության ընթացքում: Քարտեզի վրա երևում էին նշումներ՝ ձեռագիր, կլոր շրջանակ մեջը խաչ: Համբարձումյանի ներկայացմամբ, այդպես նշագրվել են այն թիրախները, որոնց վրա նախատեսված է եղել զինված հարձակում իրականացնել:
Քարտեզի վրա կային նաև կլոր նշաններ՝ առանց խաչերի, որոնք հիմնականում վերաբերում են Երևանի տարածքում գտնվող կամուրջների, խաչմերուկներին, որտեղ խումբը, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, նախատեսել է խցանումներ կամ այլ դժվարանցանելի վիճակներ ստեղծել իրենց գործողության ժամանակ, որպեսզի հարձակման ենթարկված թիրախների պահպանությունն իրականացնող անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:
Այնուհետև ներկայացրեց խմբի նոթատետրից արված մի լուսանկարը, որի էջերից մեկում խմբի անդամների անուններն են նշված եղել, իսկ այդ անունների դիմաց նշվում է այն թիրախի անվանումը, որի վրա հարձակմանը պետք է կոնկրետ անձը կոնկրետ մասնակցություն ունենար:
«Նոթատետրում տեսնում ենք, որ նշված է Բաղրամյան 26 հասցեն, որտեղ ՀՀ նախագահի նստավայրն է, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, իսկ ահա Էֆել անվանումը վերաբերել է Հանրային հեռուստաընկերության աշտարակին: Այստեղ նշված բոլոր անձինք պարզվել են մեր կողմից և քրեական գործի շրջանակներում կալանավորված են», -տեղեկացրեց Միքայել Համբարձումյանը:
Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ բացի ընտրված թիրախներից, խմբի անդամները տեղեկատվություն են հավաքել նաև ՀՀ տարածքում գործող առանձին գործարարների, պաշտոնատար անձանց վերաբերյալ:
Մասնավորապես, քննչական խմբի ղեկավարի ներկայացմամբ, համակարգիչների զննությամբ պարզվել է, որ խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական դաշտում գործող 147-ից ավելի քաղաքական գործիչների վերաբերյալ, այդ թվում՝ ԱԺ բոլոր պատգամավորների՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից:
«Այդ տեղեկությունները իրենց մեջ պարունակում են կոնկրետ քաղաքական գործչի վերաբերյալ կենսագրական տվյալները, ընտանիքի վերաբերյալ տվյալները և «Google» ծրագրով առանձնացվել են կոնկրետ անձի բնակության վայրի տեղակայման հասցեն ու ստեղծվել են առանձին տվյալների ֆայլեր», -ներկայացրեց Համբարձումյանը: Ի դեպ, ըստ նրա տեղեկություններ են հավաքվել նաև Նախախորհրդարան շարժման անդամների վերաբերյալ:
Առգրավված իրեղեն ապացույցների մեջ է նաև մի տեսագրություն, որտեղ Արթուր Վարդանյանը ուղերձով դիմում է ժողովրդին, որը պետք է Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեր զինված հեղաշրջումից հետո: Ուղերձի բովանդակությունը քննչական խմբի ղեկավարը չհրապարակեց:
Ասաց միայն, որ ուղերձի հենց սկզբում Արթուր Վարդանյանը հայտարարում է, որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտադրությունը իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին:
Նշենք, որ այս պահին զինված խմբի գործով մեղադրյալների թիվը 38-ն է, նրանցից 28-ը գտնվում են կալանքի տակ: Հետախուզման մեջ գտնվող անձինք չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին