Երևան քաղաքի բնակֆոնդի սեյսմիկ կայունությունը` վտանգված. Մկրտիչ Մինասյան
Երևանի կենտրոնի կառուցապատման խիստ ծանրաբեռնվածությունը բերեց նրան, որ զրկվեցինք և պատմական շենքերից, և հանրային կանաչ տարածքներից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Երևան քաղաքի բնակֆոնդի սեյսմիկ կայունությունը վտանգված է: Պետք էր շուտ այդ մասին մտածել և այն ամրացնելու պլան մշակել»,-շեշտեց Մինասյանը :
Հանդիպմանը ներկա Հայնախագիծ ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով էլ խիտ կառուցապատումը և վերնահարկերի կառուցման գործընթացը վտանգել են ԽՍՀՄ տարիներին կառուցված բնակելի շենքերի սեյսմակայունությունը. «Ներկայիս սեյսմիկ պահանջներին չեն համապատասխանում խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շենքերը: Այդ շենքերը կառուցված են եղել մինչև 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ ներկայումս նորմատիվը փոխված է, և պահանջվող նորմատիվը հասել է 9-ը և ավելի բալի»:
Ճարտարապետը նշեց նաև, որ վերնահարկերի կառուցումն ավելի վատթարացրեց իրավիճակը :
ՀՀ Քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն էլ հայտնեց, որ Հայաստանում շենքերի ուժեղացման և ներկայիս սեյսմակայունության պահանջներին համապատասխանելու համար պետք է 31 մլրդ դրամ:
«Փոփոխություններ են կատարվում նաև «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքում: քաղաքաշինության նախարարությունը ցանկանում է վերականգնել նաև նախագծերի պետական փորձաքննության ինստիտուտը»,-ասաց Ալեքսանդր Մովսիսյանը: