Սաֆարյան. Ադրբեջանը փաստացի հրաժարվում է վերականգնել բանակցային ֆորմատը
Միացյալ Նահանգներն անշուշտ կցանկանար այս միջոցառումն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ «Մեդիա կենտրոն»-ում «Լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին և Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը» թեմայով քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ այս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է:
«Միանգամայն հասկանալի է, թե ինչու Միացյալ Նահանգները չեն հայտարարում այդ հանդիպման մասին: Կարծում եմ, հնարավոր չեղավ հանդիպել, և Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ուղղակի վերականգնել բանակցային ֆորմատը»,-ասաց Սաֆարյանը, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման մտադրությունը լավագույն դեպքում մնալու է ցանկության մակարդակում:
Սաֆարյանը նկատեց, որ հանդիպել չցանկանալու պատճառներից մեկն էլ Նովրուզի տոնի մեկնարկին Իլհամ Ալիևի մեղադրական խոսքերն էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին:
«Սա պաշտոնական Բաքվի վերաբերմունքն էր ԵԱՀԿ, Մինսկի խմբի և խնդրի խաղաղ կարգավորման մասին: Ալիևը փաստացի մեղադրեց Մինսկի խմբին սադրանքների մեջ: Կարծում եմ, բավականին թարմ է այն լարվածությունը, որ ստեղծվեց ԵԽԽՎ-ում երկու բանաձևերի քննարկման ժամանակ»,-ասաց բանախոսը:
Քաղաքագետը նկատեց, որ արդեն մի քանի տարի շարունակ Ադրբեջանը փորձում է փոխել խնդրի կարգավորման ձևաչափը, քանի որ բանակցային սեղանին դրված առաջարկներն անընդունելի են Ալիևի համար, նա չի կարող դրանք «վաճառել» հասարակությանը:
«Նա այս շահագրգռության մեջ միայնակ չէ: Մինսկի խմբի վերաֆորմատավորման հարցում շահագրգռված է նաև Թուրքիան՝ իրեն տեսնելով այդ խմբի հնարավոր համանախագահներից մեկը: Պետք է խոստովանել, որ Մինսկի խմբի դիրքերի ուժեղացմամբ շահագրգռված չէ նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը»,-նկատեց նա:
Սաֆարյանի խոսքով, Ռուսաստանը Մինսկի խմբին զուգահեռ ստեղծել է մի ֆորմատ՝ եռակողմ հանդիպումների տեսքով, դրանով ընդգծելով իր առավել դոմինանտությունը մյուս համանախագահողների նկատմամբ, դրա օգնությամբ էլ կարողանում է առավել մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա:
Քննարկման մյուս մասնակից Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ Ռուսաստանը միշտ էլ փորձել է խաղալ, որպես Մինսկի խմբի գլխավոր դերակատար:
«Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ այս պահին համանախագահների ֆորմատը երևի թե հանդիսանում է այն եզակի ձևաչափերից մեկը, որտեղ փաստացի գոնե որոշ կոնցեպտուալ հարցերի շուրջ մոտեցումների միասնականություն կա: Նրանք փորձում են ցույց տալ, որ կա մի հարթակ, որտեղ Ռուսաստանը, Եվրամիությունն ու Ռուսաստանը միասնական հայտարարություններ են անում, միասնական մոտեցումներ ունեն»,-նկատեց Մինասյանը: