Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել ռեվիզիոն իմպլանտացիա
Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել ծնկի, կոնքազդրի և ուսահոդի իմպլանտացիա: Այս մասին այսօր լրագրողների հետո զրույցում ասաց Ֆինլանդիայի «Կոկսա» կլինիկայի տնօրեն Տարմո Մարտիկայնենը:
Նշենք, որ Երևանում այսօր բացված հայ-ֆիննական «Կոկսա-Նաիրի» կլինիկան, հիմնադրվել է հայաստանյան «Նաիրի» և ֆինլանդական «Կոկսա» կլինիկայի ջանքերով։ Վերջինս համարվում է ամբողջ Եվրոպայում էնդոպրոթեզավորման ամենախոշոր մասնագիտական կենտրոնը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Տարմո Մարտիկայնեն, երկու տարի առաջ հանդիպել են «Նաիրի» ԲԿ-ի ղեկավարության հետ և որոշում կայացրել Հայաստանում զարգացնել օրթոպեդիկ վիրաբուժությունը:
Նրա խոսքերով՝ այն ժամանակ գաղափարն այն էր, որ Հայաստանից հիվանդները էնդոպրոթեզավորման համար գնան Ֆինլանդիա, որտեղ հիվանդներ են գալիս ամբողջ Եվրոպայից, բայց հետագայում ֆինլանդական կլինիկայի ղեկավարությունը որոշում է կայացրել իր մասնագետներին ուղարկել Հայաստան և այդ ոլորտը զարգացնել այստեղ:
Ծրագրի ղեկավար Միքայել Մանուկյանն էլ ասաց, որ Հայաստանում մի շարք կենտրոններ զբաղվում են օրթոպետիկ վիրահատություններով, սակայն, երբ առաջին անգամ այցելեցին «Կոկսա» կլինիկան, այնտեղ ականատես են եղել որակապես այլ վիրահատություններ: «Այնտեղ տեսանք որակապես տարբերվող վիրահատություն, օգտագործվում են նորագույն պրոթեզներ և տեխնոլոգիաներ, որոնք Երևանում այն ժամանակ չկային: Հենց այդ ժամանակ որոշում կայացրեցինք համագործակցել կլինիկայի հետ և Երևանում մասնաճյուղ բացել», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպատակն է Հայաստանում նման խնդիրներ ունեցող հիվանդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ, ինչպես Եվրոպայի կլինիկաներում:
«Այսուհետ մեզ մոտ պետք է օգտագործվեն բարձրակարգ պրոթեզներ, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հիվանդները շուտ ապաքինվեն և ամիսներով ցավեր չունենան: Այսօր մենք պատրաստ ենք դրան»,- ասաց Մ.Մանուկյանը՝ հավելելով, որ Երևանում հայ հիվանդներին կվիրահատեն Ֆինլանդիայից ժամանակ մասնագետներն այնքան ժամանակ, մինչև հայ օրթոպեդները լիովին կմասնագիտանան։
Ծնկի, կոնքազդրի և ուսահոդի իմպլանտացիայից բացի կլինիկայում կիրականացվի նաև նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա՝ ռեվիզիաներ: Այն կատարվում է կրկնակի իմպլանտացիայի անհրաժեշտության դեպքում, որն առաջանում է հոդերի մաշվածության կամ բարդությունների ժամանակ: Միքայել Մանուկյանը կարևորելով այն, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել երկրորդային էնդոպրոթեզավորում, նշեց, որ կան հիվանդներ, որոնց պրոթեզավորել են 10 տարի առաջ, սակայն նրանք այսօր կարիք ունեն երկրորդային պրոթեզավորման: «Դրա համար նրանք պետք է գնան, արտերկիր, իսկ դա ոչ բոլորին է հասանելի: Հիմա այլևս նման խնդիր չի լինի, այդ վիրահատությունն այսուհետև կարվի Հայաստանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք, ըստ նրա, Եվրոպայի համեմատ ցածր կլինեն, քանի որ պայմանագիր են կնքել ամերիկյան Zimmer BIOMET իմպլանտներ արտադրողի հետ, որի շրջանակում «Կոկսա Նաիրի»-ն համեմատաբար մատչելի գներով բարձրորակ իմպլանտներ ձեռք կբերի:
«Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին էլ նշեց, որ կլինիկայի բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի առողջապահության համակարգի համար: «Իհարկե Հայաստանում նույնպես լավ մասնագետներ կան, նման պրոթեզավորում արվում է, սակայն մենք ցանկություն ունենք հետագայում «Նաիրի Կոկսա» կենտրոնը դարձնել էնդոպրոթեզավորման տարածաշրջանային կենտրոն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում