Ալիևն ազատ է արձակել 16 քաղբանտարկյալի՝ Օբամայի հետ լուսանկարվելու համար. Էմին Հուսեյնով
«Ադրբեջանի ավտորիտար նախագահն այս շաբաթ Վաշինգտոնում է, ակնհայտորեն ակնկալելով նախագահ Օբամայի ուշադրությունը, որը ստանալ նրան չի հաջողվի»,-այս մասին նշված է Foreign Policy-ում հրապարակված Ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի հոդվածում:
«ԱՄՆ նախագահի հետ առանձին հանդիպելու և լուսանկվարվելու ակնկալիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատ է արձակել 16 քաղբանտարկյալի»,-, գրում է Հուսեյնովը:
Նշենք, որ Ալիևը, ինչպես աշխարհի տասնյակ այլ ղեկավարներ, այս շաբաթ Վաշինգտոնում մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
«Այս հանդիպումն Ալիևի նման բռնակալի համար, ով ղեկավարում է Ադրբեջանն արդեն 13 տարի, չափազանց կարևոր է, որպեսզի հայրենիքում վերականգնի իր համբավը»,- նկատում է Հուսեյնովը.
Նա նաև նշում է, որ Ալիևն ամեն կերպ ձգտում էր ստանալ միջազգային կարգավիճակ, ինչի համար նա ոչ մի միջոց չի խնայել: Ըստ աղբյուրի, անկախ բոլոր գործադրած ջանքերի, Ալիևին չի հաջողվել Սպիտակ Տանն Օբամայի հետ հանդիպման հրավեր ստանալ. նա հանդիպել է Պետքարտուղար Ջոն Քերրիին:
Ադրբեջանցի լրագրողի կարծիքով, այնպիսի բարձրաստիճան պաշտոնյայի համար, ինչպիսին Ջոն Քերրին է սխալ էր հանդիպել Ալիևի հետ՝ լուրջ բարեփոխումների բացակայության դեպքում. «Ավելի հստակ քաղաքական փոփոխություններ պահանջելու փոխարեն քաղբանտարկյալների ազատ արձակումը խրախուսելով, Ալիևին հնարավորություն է տրվում շարունակել քաղբանտարկյալներին որպես սակարկման առարկա օգտագործել: Այն դեպքում, երբ Ալիևի ռեժիմն ակնհայտորեն արհամարհում է մարդու իրավունքների միջազգային պարտականությունները, նրան դրական հրապարակայնություն տալը թյուր տպավորություն է ստեղծում ամերիկյան առաջնահերթությունների վերաբերյալ»:
Foreign Policy-ին հիշեցնում է, որ Էմին Հուսեյնովն ինքն էլ ենթարկվել է Ալիևի ռեժիմի խստությանը. «Լրագրողն, ով նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ակտիվիստ է և «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» տնօրեն, բազմիցս թիրախ է հանդիսացել ոստիկանության համար, ընդհուպ մինչև ենթարկվելով ծեծի, ինչի արդյունքնում կորցրել է լսողություն ու ստացել բազմաթիվ առողջական խնդիրներ: Շվեցարական դեսպանատան ջանքերով Հուսեյնովը կարողացել է դուրս գալ Ադրբեջանից 2015թ. հունիսին: Որպես հատուցում, կառավարությունը լրագրողին ապօրինաբար զրկել է Ադրբեջանի քաղաքացիությունից»:
Լրագրողի խոսքերով, Ադրբեջանում դեռևս տասնյակ քաղբանտարկյալներ կան՝ լրագրողներ, բլոգերներ, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ և քաղաքական գործիչներ, ավելի քան Բելառուսում և Ռուսաստանում միասին վերցրած:
Ուրախ լինելով ազատ արձակված 16 քաղբանտարկյալների համար, լրագրողն այնուամենայնիվ կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է այս սին հաղթանակի համար խրախուսի Ալիևին՝ Սպիտակ Տուն այցելության, լուսանկարվելու կամ այլ հնարավորություններով:
Նույնիսկ այն դեպքում, երբ Ալիևն անարգում է միջազգային կոնվենցիաները, օրենքներն ու նորմերը, նա ձգտում է հրապարակայնորեն ընդունված լինել համաշխարհային բեմում, կարծելով, որ այդ փաստը կարող է օգտագործել Ադրբեջանում լեգիտիմություն ձեռք բերելու համար: ԱՄՆ-ի կողմից ցանկացած պաշտոնական ճանաչում, անգամ Օբամայի հետ մեկ լուսանկարը պետք է չտրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել մարդու իրավունքների խախտումների դեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան