Ընդմիշտ անհասանելի ՀՔԾ-ն
Հատուկ քննչական ծառայությունը, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերով, շարունակում է մնալ փակ կառույց հասարակության համար: Կառույցի ղեկավարը հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ ընդհանրապես չի տալիս, ընդհանուր պլանով տարեկան մեկ-երկու անգամ երևում է հեռուստաեթերից այն էլ կոլեգիալ ժողովների ժամանակ:
Ավելին, ՀՔԾ-ի կոլեգիալ ժողովները լուսաբանելու հրավիրվում են մեկ-երկու հեռուստաընկերություններ, այլ լրատվամիջոց, կարծես, այս կառույցի համար չկա:
Հավանաբար, ներքին բավականություն ստանալու համար կառույցի լրատվական ծառայությունը օրական մեկ քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածում՝ դրանով իր առաքելությունը համարում ավարտված: Հաղորդագրություններն էլ՝ չոր, հաճախ՝ ոչինչ չասող, բազմաթիվ հարցեր առաջացնող: Իսկ հարցերին պատասխանելու համար նույն ծառայությանն ուղղված զանգերը կամ մնում են անպատասխան, կամ էլ եթե բախտ վիճակվի պատասխանեն, ապա արձագանքը ստանդարտ է՝ «հարցերը մեր էլեկտրոնային հասցեին ուղղեք գրավոր, կպատասխանենք»:
Այժմ խոսենք փաստերով.
Մարտի 30-ին ՀՔԾ-ի լրատվական ծառայությունը հերթական «ոչինչ չասող» հաղորդագրությունը տարածեց: Տեղեկությունը, որի մասին գրվել էր հաղորդագրության մեջ, 2015-ի սեպտեմբերի 21-ին հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին էր, երբ հիվանդը կոմայից դուրս գալուց հետո ծեծել էր նախ բժշկին, այնուհետև ոստիկանին: Վերջինն էլ ինքնապաշտպանվելու համար իր մոտ եղած ատրճանակից կրակոց էր արձակել:
ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ ներկայացվում էր կատարվածը, որն ի դեպ ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն, ասվում էր, որ 7 ամիս նախաքննություն է կատարվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածներով առաջադրված մեղադրանքով և վերջում ավելացվում էր հետևյալը. «Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է»:
Ես բարեխիղճ լրագրող եմ՝ փորձեցի զանգել ՀՔԾ և հետաքրքրվել՝ ի՞նչ հաշիվ է, ինչո՞ւ է քրգործն ուղարկվել ՀՔԾ և այլն: Սակայն լրատվական ծառայությունից այդպես էլ հեռախոսազանգերին արձագանքող չեղավ: Թեպետ՝ արդեն առանձնապես հույս էլ չունեի:
Գորիսի նախկին ոստիկանապետ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպի հետքերով, որի մասին գրել էր «Armlur.am»-ը, փորձեցի հասկանալ՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն և՝ դարձյալ միամիտ գտնվեցի, Կառույցի լրատվական ծառայության պատասխանատուին մի քանի անգամ զանգելու փորձերը արձագանք չունեցան:
Թերի աշխատանքի ևս մի փաստ. Քրեական գործերից մեկի վերաբերյալ ՀՔԾ-ին՝ 2015-ի հոկտեմբերի 23-ին ուղարկված հարցումն է, որի պատասխանը մինչ այժմ չենք ստացել:
Եթե ՀՔԾ-ն ուզում է լսված լինել իր մասին նյութերում, պիտի փոխի իր աշխատելաոճը: Այլապես կհայտնվեն միայն միակողմանի նյութեր՝ առանց իր բացատրությունների: Ժամանակն է, որ Հատուկ քննչական ծառայությունը վերանայի իր մոտեցումները և ազատ գտնվի լրագրողների հետ շփումներում: Դա կբխի կառույցի շահերից: