Թումոն՝ աշխարհի ամենանորարար կենտրոն
Ֆրանսիական «We Demain» ամսագիրը հավաքել է աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակը: Առաջին տեղում հայաստանյան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարկանշային աղյուսակում ընդգրկվել են նաև այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը:
Կենտրոնի աշխատակիցների ու սաների համար լուրն անկանկալ էր: Panorama.am-ի հետ զրույցում «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը հայտնեց, որ դեռ անցած տարվա նոյեմբերին ամսագրի թղթակիցն այցելել է կենտրոն, հարցազրույց ունեցել տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:
«Մեզ համար անակնկալ էր, որ անդրադարձն այդպես է լինելու՝ վարկանշային տեսքով: Մենք սպասում էինք հոդված Թումոյի մասին, չէինք մտածում, որ նման գնահատական է լինելու»,-ասաց Զ. Բուդաղյանը:
Բաժնի ղեկավարը նշեց, որ ամսագիրն ինովացիոն տեխնոլոգիաներին նվիրված պարբերական չէ. «Ավելի շուտ նրանք անդրադարձել են հասարակության համար աշխատող կառույց հանդիսացող դպրոցներին: Մեզ համար հաճելի էր տեսնել համար 1-ը Թումոյի կողքին, շատ դրական էմոցիոնալ մոտեցում էր ցուցաբերված»:
Կենտրոնը վարկանշային այլ աղյուսակներում առայժմ չի ընդգրկվել, տեխնոլոգիական մասնագիտական ուսումնասիրություն այստեղ չեն անցկացրել աշխարհի նմանատիպ դպրոցներում հայաստանյան կենտրոնի դիրքերը պարզելու համար: Սակայն դատելով կենտրոնի վերաբերյալ տարբեր միջազգային կառույցների, մասնագետների դրական արձագանքներից, օրեցօր դրա նկատմամբ աճող հետաքրքրվածությունից, արդյունքները գոհացուցիչ ու ոգևորող են:
«Մեզ հետ կապվում են տարբեր երկրներից՝ Բեյրութից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից և այլն: Հիմա մենք քննարկում ենք մի քանի երկրներում Թումո բացելու հնարավորությունները: Փորձում ենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել: Նման արձագանքները կարող ենք ընդունել որպես սիմվոլիկ գնահատական»,-ասաց բաժնի ղեկավարը:
Կենտրոնի աշխատանքի գնահատականն են նաև սաների հաջողություններն ու գրանցած արդյունքները, միջազգային բուհեր ընդունվելը, աշխատանքի շուկայում արագ իրենց տեղը գտնելը:
«Չնայած իրենց երիտասարդ տարիքին, մեր ուսանողներից ու շրջանավարտներից ոմանք աշխատում են Հայաստանի լավագույն ընկերություններում: Այս պահին կենտրոնում ունենք երեք ստարտափ ընկերություն, որոնք հիմնադրվել ու իրականացվում են մեր շրջանավարտների ու ուսանողների կողմից»,-ասաց Բուդաղյանը:
Թումոն արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Այն շահույթ չի հետապնդում, հետևաբար ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար: Այս պահին Թումոյի չորս կենտրոների՝ Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ, ակտիվ սաների թիվը հասնում է 10 հազարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան