
Մատների թանաքոտումը աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մի բան է. Լ. Մարտիրոսյան
Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական և կարևորագույն քննարկումը լինելու է ԱԺ լիագումար նիստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչ այդ ցանկացած ձևաչափով քննարկում նորմալ է և ընդունելի:
«Հեղինակները, քաղաքական մեծամասնությունը և իշխանությունը շահագրգռված են հնարավորինս լայն քննարկում անցկացնել և լայն համաձայնության գալ ԸՕ նախագծի շուրջ: Վստահ չեմ, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ցանկությունը տածում, քանի որ ուժեր կան, որոնք ի սկզբանե անհեթեթ առաջարկներ են անում»,-նշեց պատգամավորը:
Ըստ Մարտիրոսյանի՝ և շոու կա, և քննարկման ցանկություն:
Թե որո՞նք են այդ անհեթեթ առաջարկությունները, Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Կատաստրոֆիկ անհեթեթ առաջարկություններ են լինում: Օրինակ՝ մատների թանաքոտումը աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մի բան է և բերել դա Հայաստանի Հանրապետություն, Եվրոպայի խորհրդի անդամ երկիր և մարդկանց ստիպել, որպեսզի մատներ թանաքոտեն, որով էլ որևէ խնդիր չի լուծվելու, անընդունելի է: Եթե անգամ բոլորը կողմ լինեն դրան, ես դեմ եմ լինելու»:
Նա ի սկզբանե անընդունելի և անհասկանալի համարեց ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջը:
Լրագրողների դիտարկմանը, որ նման առաջարկները գալիս են վստահության ցածր մակարդակից, «Հանրապետական» խմբակցության պատգամավորն ասաց. «Համաձայն եմ, որ վստահությունը ցածր է, սակայն ընտրությունները դրա հետ կապ չունեն: Մենք ցածր վստահություն ունեցող հասարակություն ենք համարվում, դա միշտ եղել է կա ու կլինի, դա ազգային նկարագիր է: Դա ոչ լավ է, ոչ վատ, դա արտացոլվում է նաև ընտրությունների ժամանակ: Այդպիսի երկիր է նաև Իտալիան»: