Կոնսերվատորիայի և մարզային երաժշտական ուսումնական հաստատությունների ուսանողները կմասնակցեն կոնցերտմայստերների մրցույթին
Ապրիլի 2-7-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվելու է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական V մրցույթը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին կոնսերվատորիայի լրատվական ծառայությունից:
Մրցույթի նպատակն է երիտասարդ կատարողներին խրախուսելը, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելն ու նպաստելը մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Մրցույթին մասնակցում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև մարզերի երաժշտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Այս տարի մրցույթին մասնակցության 15 հայտ է ստացվել:
ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր (1970 թ.) Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ: Մրցույթի կազմակերպիչն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: