Սերժ Սարգսյան. Տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել
Հայաստանը խիստ շահագրգռված է Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Այս մասին Քենեդիի անվան քոլեջում ունեցած դասախոսության ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր խոսքում նախագահը նախ անդրադարձել և գնահատական է տվել Թուրքիայի կողմից Հայաստանը շրջափակելու քաղաքականությանը:
«Մեր որոշ հարևաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից: Դրա հետևանքն են տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, իսկ Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա պետական սահմանն է: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մաքսային միության անդամ է, նշանակում է՝ փակ է այդ երկու կառույցների հետ արդյունավետ գործընկերություն զարգացնող Հայաստանի սահմանը»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Գաղտնիք չէ, որ միջազգային հարաբերություններում տնտեսությունը առանցքային գործոն է, և հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են թելադրում քաղաքական օրակարգը: Այդուհանդերձ, մի բան միանշանակ է` տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել, տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է:
Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է: Եվրոպայի պատմությունը մեզ համար դրա լավագույն օրինակն է»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ հանրապետության ղեկավարը նշել է. «Այսօր աշխարհը ճանաչում և դատապարտում է այդ ոճիրը, սակայն մեզ համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը և սեփական պատմությանն առերեսումը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու: Թուրքական իշխանությունները գնացին պատմության ակնհայտ կեղծման ճանապարհով: Խոսքս ցեղասպանությունը հերքելու մասին չէ: 2015 թվականին Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր օրը՝ ապրիլի 24-ին, պետք է տոնեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որը սովորաբար նշվում է մարտ ամսին: Իհարկե, սա կատարյալ ցինիզմ էր և հայ ազգի համար խորհրդանշական այդ օրը ձախողելու անհաջող փորձ»:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը լավատեսությամբ արձանագրել է. «Ինձ ուրախացնում է կամ չի կարող գոնե հույս չներշնչել, որ որքան Թուրքիայի իշխանությունները ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին: Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է»:
Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև Թուրքիայի հանդեպ հայ ժողովրդի կամ Հայաստանի մոտեցումների մասին աշխարհի ընկալումներին:
Այս առումով նա նշել է. «Հայաստանից դուրս այսօր այնպիսի պարզունակ պատկերացում կա, թե իբր հայերը ուրախանում են, երբ Թուրքիայում վատ բաներ են կատարվում, օրինակ, երբ թուրքական ուժային կառույցները հրետակոծում են քրդաբնակ քաղաքներ ու այլ բնակավայրեր, կամ երբ Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում: Դա անհեթեթություն է: Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ազգային ու կրոնական փոքրամասնությունները չեն դիտվի որպես երկրորդ կամ երրորդ կարգ: Ցավոք, այսօր մեր հարևանների հասարակական-քաղաքական կյանքում հակառակ միտումներն ենք տեսնում, և դա մտահոգիչ է մեզ համար»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր խնդիրների լուծումը երկրի ներսում ենք տեսնում
- ՀՀ նախագահ. Հայաստանի ամենամեծ ձեռքբերումները խոսքի ազատությունն ու քաղաքացիական հասարակությունն են
- Սերժ Սարգսյան. Այսօր Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին
- Սերժ Սարգսյան. Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել
- ՀՀ Նախագահ. Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահ. Մեր հարևանները փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան