Անհրաժեշտության դեպքում հայաստանցի մասնագետները կներգրավվեն Ս․Գերեզմանի մատուռի վերանորոգմանը. Հայր Սամվել
Առաջիկայում մեկնարկելու են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Գերեզմանի մատուռի վերանորոգման աշխատանքներ, որին մասնակցելու են նաև հայ մասնագետներ:
Սուրբ Հարության տաճարը պատկանում է Հայ Առաքելական, Հույն ուղղափառ, Հռոմեակաթոլիկ եկեղեցիներին: Panorama.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ այդ եկեղեցիների ներկայացուցիչները պարտավոր են հոգալու և հսկելու Տիրոջ գերեզմանի մատուռի վերականգնման աշխատանքները, ինչպես եղել է դարեր շարունակ:
«Ամեն ինչ կարվի Պատրիարք հոր գլխավորությամբ, աշխատանքների մասին պատշաճ կերպով կտեղեկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,- նշեց նա:
Սուրբ Հարության տաճարի տեսուչ հայր Սամվել Ավոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրբ Գերեզմանի Մատուռի վերականգնման աշխատանքների հետ կապված պետք է ժողովներ լինեն, ամեն ինչ հստակեցվի, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ, մեկ ամիս ժամանակ ունեն:
Նա նշեց, որ իրենց մոտ Հայաստանից արդեն քսան տարի է մի ճարտարապետ է ապրում, ով կմասնակցի վերանորոգման աշխատանքներին:
«Առայժմ ինքն է լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, հավանաբար, Հայաստանից մասնագետներ նկատի կունենանք»,- նշեց նա:
Հայր Սամվելը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները, հավանաբար, կտևեն 4-8 ամիս: Այն ընթացքում, երբ կվերանորոգվի արտաքին մասը, մատուռը չի փակվի, իսկ ներքին մասերի վերանորոգման ժամանակ, հավանաբար, կփակվի:
Սուրբ Գերեզմանի մատուռի վերանորոգման համար անհրաժեշտ է 3 միլիոն եվրո, որը պետք է տրամադրեն երեք պատրիարքարանները:
«Նախնական հաշվարկ է, պետք է փորձենք նվազեցնել ծախսերը»,- ասաց Սուրբ Հարության տաճարի տեսուչը:
Տիրոջ Սուրբ Գերեզմանի մատուռը կառուցվել է 1810 թվականից: Այն առաջին անգամ է վերանորոգվում: Երուսաղեմի ռուսական հոգևոր առաքելության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերանորոգման աշխատանքները սկսվելու են մի քանի շաբաթից՝ ուղղափառ Զատկից (մայիսի 1-ին) հետո: Անհրաժեշտություն կա ամրացնել կառույցը, թարմացնել ներքին և արտաքին կարերը, վնասված երասապատումները փոխարինել նորերով, մաքրել կուտակված մուրը: Վերականգնողական աշխատանքները կատարելու են Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները: