Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է. ԼՂՀ ԱԳՆ
«Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այս գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար».-այս մասին նշել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում: Տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Այն նաև դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ ապահովելով նրա անդառնալիությունը և թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա»,-ասված է մեկնաբանությունում: