ՀՀ նախագահ. Հայաստանի ամենամեծ ձեռքբերումները խոսքի ազատությունն ու քաղաքացիական հասարակությունն են
Անկախությունից ի վեր ներքին կյանքում Հայաստանի արձանագրած ամենամեծ ձեռքբերումը «խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է և ակտիվ քաղաքացիական հասարակությունը»: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում ունեցած դասախոսության ընթացքում նման գնահատական է հնչեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Դասախոսության ընթացքում հանրապետության ղեկավարը Քենեդիի անվան քոլեջի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է հայ ժողովրդի անցած ուղին և նորանկախ Հայաստանի առաջընթացի տեսլականը:
«Հայերիս համար աշխարհն ավելի լավը դարձավ, երբ 25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո: Առհասարակ, հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը կարելի է ամփոփել որպես «պայքար հանուն ազատության»` քաղաքական ազատության, կրոնական ազատության, սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության: 1991-ին անկախության նվաճմամբ վեր հառնեց մեր նոր պետությունը, և սկիզբ առան նոր մարտահրավերներ՝ պայմանավորված թե՛ պետականության կայացման պատասխանատվությամբ և թե՛ կոնկրետ արտաքին քաղաքական սպառնալիքներով»,- նշել է երկրի ղեկավարն ու ներկաներին տեղեկացրել, որ այդ փուլում գերխնդիրն էր կառուցել պետության հիմնասյուները ժողովրդավարության պահանջներին, իսկ տնտեսությունը` բաց շուկայական հարաբերություններին համահունչ:
«Միևնույն ժամանակ պետք է հաղթահարեինք 1988-ի ավերիչ երկրաշարժի, մեզ պարտադրված պատերազմի, հարևանների կողմից տնտեսական շրջափակման հետևանքները: Մենք դուրս էինք եկել մի ճամփորդության՝ բազմաթիվ անանցանելի թվացող նեղուցներով»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև խոսելով արձանագրված արդյունքների մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Ներքին կյանքի առումով այսօր ինձ համար, թերևս, ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է և ակտիվ քաղաքացիական հասարակությունը: Կարծում եմ, որ այս դպրոցի տանիքի ներքո առավել քան ընկալելի է պետական ինստիտուտների կողմից արդյունավետ որոշումներ կայացնելու մեխանիզմների կարևորությունը: Այսօր Հայաստանում լայն թափով ընթացող ներքին բարեփոխումները հենց այդպիսի մեխանիզմներ ստեղծելու նպատակ ունեն: Այս հարցում մեր նպատակներին հասնելու համար մենք ինտենսիվորեն համագործակցում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»:
Ինչ վերաբերում է ներկայիս փուլին, ապա երկրի ղեկավարն, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին, այն բեկումնային որակել:
«Հայաստանի անկախության քառորդ դարը մենք ճանապարհ ենք դնում մեր պետականության ողնաշարը հանդիսացող Սահմանադրության բարեփոխումներով: Անցյալ տարի, անկախացումից ի վեր երկրորդ անգամ, մենք կատարեցինք սահմանադրական փոփոխություններ, որոնք բեկումնային եմ համարում, քանի որ նորացված Սահմանադրությամբ մենք անցում ենք կատարում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի՝ նոր էջ բացելով քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք եղել երկրում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացին»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին