Սերժ Սարգսյան. Մեր խնդիրների լուծումը երկրի ներսում ենք տեսնում
Ավելի բարեկեցիկ և ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում ունեցած դասախոսության ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ «մենք դա հստակ գիտակցում ենք»:
Դասախոսության ընթացքում անդրադառնալով Հայաստանի և երկրի իշխանությունների գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նպատակը մեկն է՝ ունենալ արդյունավետ կառավարում:
«Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջև ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ և այն պետք է լիարժեքորեն իրացնենք»,- պարզաբանել է հանրապետության ղեկավարը:
Վկայակոչելով արտաքին անբարենպաստ այնպիսի հանգամանքներ. ինչպիսիք են փակ սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գլոբալ տնտեսական հիմնախնդիրները, տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը և այլն, Սերժ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ չնայած դրան՝ «մեր խնդիրների լուծումը առաջին հերթին մենք տեսնում ենք երկրի ներսում»:
«Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին և հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից: Իհարկե, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ և բարեկամներ և շատ թանկ ենք գնահատում մեր համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերում, բայց, կրկնում եմ՝ ավելի բարեկեցիկ և ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: Եվ մենք դա հստակ գիտակցում ենք»,-նշել է մա:
Նախագահը խոսել է նաև տնտեսական ոլորտում իրականացվող քայլերի մասին՝ նշելով, որ Հայաստանի համար զարգացման մոդել են հանդիսանում ազատ շուկայական սկզբունքներով գործող տնտեսությունները:
«Փորձում ենք օգտագործել տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները` մի կողմից ապավինելով մեր մրցակցային առավելությանը, որի հենքը մարդկային կապիտալն է, իսկ մյուս կողմից` համատեղելով ինտեգրացիոն տարբեր գործընթացներ: Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձևաչափերում: Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է երկրի ղեկավարը և տեղեկացրել, որ ասվածը չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել Հայաստանի համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան