Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը կմիավորի առաջատար երաժշտական կոլեկտիվներին
Հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնի ընթացքում հնչելու է 40 կոմպոզիտորի ստեղծագործություններ: Փառատոնային 6 համերգի ընթացքում երաժշտասեր հանրությունը կունկնդրի սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտություն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
«Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնն իր ձևաչափով առանձնանում է նրանով, որ նախագծի ընթացքում ստեղծագորւթյունների մեծ մասը կկատարվեն առաջին անգամ, իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև առաջատար երաժշտական խմբերի ու մենակատարների կատարմամբ: Ժամանակակից երաժշտության թվով երրորդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնային մեկ համերգ էլ կնվիրվի տարվա հոբելյաններին:
Հայ ժամանակակից երաժշտության տարածման ու լայն շրջանակներում այն հասանելի դարձնելու համար, Կոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար:
Համերգին ընդգրկված են Նուբար Ասլանյանի, Բելա Հովհաննիսյանի, Անահիտ Կոստանյանի, Վահրամ Բաբայանի (ապրիլի 8, Ա. Խաչատրյան համերգասրահ), Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի, Միխայիլ Կոկժաևի, Վարդ Մանուկյանի (ապրիլի 9, Ա. Խաչատրյան համերգասրահ), Կոնստանտին Պետրոսյանի, Աշոտ Զոհրաբյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Լևոն Չաուշյանի (ապրիլի 12, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), Էդվարդ Միրզոյանի, Էմմա Միհրանյանի, Առնո Բաբաջանյանի, Աշոտ Սաթյանի, Աշոտ Բաբայանի, Արեգ Լուսինյանի (ապրիլի 14, Առնո Բաբաջանյան համերգասրահ), Իրինա Խաչատրյանի, Տիգրան Ասլանյանի, Գայանե Կեսոյանի, Գրիգոր Առաքելյանի, Մարտին Վարդազարյանի, Արփինե Կալինինայի, Արեգ Պանյանի, Գագիկ Հովունցի (ապրիլի 18, Առնո Բաբաջանյան համերգասրահ), Աշոտ Ղազարյանի, Արմենուհի Կարապետյանի, Աննա Հակոբջանյանի, Ջեննի Ասատրյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սոֆյա Միքայելյանի, Էդուարդ Սադոյանի, Աննա Ազիզյանի, Երվանդ Երկանյանի (ապրիլի 25, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) ստեղծագործությունները:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը փառատոնը կազմակերպում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում