Մանկական սննդի մասին տեղեկատվական նյութերը կհրապարակվեն միայն առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը:
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որոշման ընդունումը բխում է կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին օրենքի պահանջներից:
«Այսպիսով կարգավորում է մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու նպատակով կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիազորելու կամ այդ նյութերի հրապարակման նպատակով դրանք առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Այսպիսով, մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը կարող են հրապարակվել բացառապես այս կարգին համաձայն հրապարակման համար լիազորելու կամ համաձայնեցված լինելու դեպքում: Սույն կարգի խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Կառավարության նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարարից հետաքրրվեցին այն հրապարակումների մասին, ըստ որի՝ պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան դա չի ընդունում, ապա՝ Humana։ Ըստ հրապարակումների՝ այս կաթնախառնուրդները ներմուծում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ու ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունները:
Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ չի ցանկանում որևիցե բրենդային խնդիր մեկնաբանել: «Կառավարության այսօրվա որոշումով բոլոր հնարավոր սննդի տեսակները, փոխարինչիները կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի ոչ մասնագիտական պարզաբանումներ»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք նախարարությունը տվյալ խնդրի վերաբերյալ ահազանգեր ստացել է, Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարության թեժ-գծով նախորդ տարի տարի 10 հազարից ավելի զանգ է ստացվել, իսկ այս տարի՝ 3 հազարից ավելի զանգ, որին արագ արձագանքում են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում