Ներկայումս աուտիզմին ավելի միստիկ բնույթ է տրվում. հոգեբան
Առաջին անգամ աուտիզմը պարզաբանվել, ի հայտ է բերվել 1938 թվականին, սակայն հետագայում մինչև 1981 թվականը այն ուշադրությունից դուրս է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ նշելով, որ այդ պատճառով էլ որոշվել է աուտիզմի միջազգային օր սահմանել՝ խնդրի վրա հասարակության ուշադրությունը սևեռելու համար:
2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր:
«Առ այսօր աուտիզմի պատճառները հայտնի չեն, ոչ մի տեսություն չկա հաստատված, թե ինչով է պայմանավորված այս հիվանդությունը և չկա որևէ լուծում հիվանդության համար»,-նշեց հոգեբանը:
Նա ասաց, որ հիվանդության արտահայտումները երևում են վաղ տարիքում, երբ երեխայի մոտ բացակայում է հասկացնող ժեստիկուլացիան և բառեր արտաբերելը:
Մ. Մադաթյանը տեղեկացրեց, որ աշխարհի վիճակագրական տվյալներով հազար երեխայից մեկը կամ երկուսը ասուտիզմի սինդրոմ են ունենում: Աուտիզմը ախտորոշել ակտուալ է 3 տարեկան հասակում:
Նրա խոսքով՝ տղաները մի փոքր ավելի շատ են լինում աուտիզմով հիվանդ, քան աղջիկները, իսկ թե դա ինչով է պայմանավորված՝ հայտնի չէ:
«Ներկայումս աուտիզմին ավելի միստիկ բնույթ է տրվում, ֆիլմեր են նկարվում, որտեղ պատմում են նրանց աշխարհի ու ապրելակերպի մասին: Նրանց կյանքում հասարակություն գոյություն չունի, ընտանիք գոյություն չունի, ուղղակի ընտրում են ընտանիքից մեկ կերպար, ում հետ կարողանում են կոմունիկացիա պահել»,-ասաց մասնագետը:
Նա հավելեց, որ Հայաստանում կան շատ կազմակերություններ, որոնք աշխատում են ոչ միայն նման երեխաների, այլև նրանց ծնողների հետ՝ մաքսիմալ սոցիալիզացիա ապահովելու համար: