Օպերայի և բալետի թատրոնն անպայման գեղարվեստական ղեկավար կունենա. Ա.Արզումանյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին գեղարվեստական ղեկավար անպայման պետք է, սակայն դեռ վաղ է խոսել այդ մասին: Լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:
«Ես եմ հրավիրում գեղարվեստական ղեկավարին, բայց դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չեմ արել, մոտ ժամանակներս չեմ անի: Դա մեր կողմից գեղեցիկ չէ: Մեկ-երկու ամիս պետք է սպասել»,- նշեց նա՝ հավելելով, որ Գեղամ Գրիգորյանի հետ արդեն այս տարվա բոլոր ծրագրերը մշակել էին, այժմ իրենք պետք է աշխատեն ու իրականացնեն դրանք բարձր մակարդակով:
Ա. Արզումանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին ներկայացնելու են Վինչենցո Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ աշխարհահռչակ օպերան: Նա նշեց, որ «Նորմա»-ից հետո անպայման լինելու է Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան. «Գեղամ Գրիգորյանի հետ ներկայացման 50 տոկոսի վրա աշխատել էինք: Երևի աշնանը կլինի պրեմիերան: Առաջիկա օրերին կհրավիրենք բեմադրիչ: Այժմ բանակցությունների մեջ ենք»:
Այս տարվա ընթացքում, Օպերային թատրոնի տնօրենի խոսքով, կլինի նաև «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, որը նախ ցուցադրվելու է Արցախում՝ սեպտեմբերի 1-ին: Թատրոնը, ըստ Ա.Արզումանյանի, աշխատում է նաև «Ճպուռն ու մրջույնը» մանկական բալետային ներկայացման վրա, իսկ ամռանը կամ աշնանը կլինի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին