Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ
«Մեր գերնպատան է պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, կապ չունի թե ինչպիսի ճանապարհով՝ կգործի որպես առանձին օդանավակայա՞ն, թե՞ ներկայիս գործողին կկցվի, կամ եթե նույնիսկ օդանավակայան էլ չլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
«Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նա նշեց, որ օդանավակայանն այնպիսի կառույցներից է, որ անընդհատ զարգացման անհրաժեշտություն է լինում:
«Չի բացառվում, որ դրա հետևանքով շենքի հարմարավետության մեջ որոշակի փոփոխություններ մտցվեն, բայց կլոր համալիրն ունի բոլոր հնարավորությունները շարունակել ծառայել որպես օդանավակայան»,- ասաց նա:
Ս.Քալաշյանի խոսքով, «Հայնախագիծ»-ը պատրաստ է անհրաժեշտ բոլոր արխիվային նյութերը տրամադրել մասնագիտական քննարկումների ժամանակ: Նա նշեց, որ ճարտարապետները բազմաթիվ անգամներ ցանկացել են հանդիպել կոնցեսիոների հետ: «Մեր ձայնը կոնցեսիոներին չի հասնում, կամ եթե հասնում է, ինքը չի արձագանքում, այլ մեկ այլ օղակի միջոցով: Պնդում ենք, որ պետք է նստենք և քննարկենք»,- նշեց նա:
Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանի խոսքով, կլոր համալիրը բավականին լավ տվյալներ ունի, ուղղակի պետք է է հարմարացնել նոր պահանջներին, պայմաններին ու այն կշարունակի գործել որպես օդանավակայան:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման իր մշակած նախագիծը, որի իրականացմամբ հնարավոր է օդանավակայանն ամբողջությամբ պահպանել որպես ինքնուրույն օդանավակայան: Ըստ նրա, եթե կոնցեսիոներին իր զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 160 միլիոն դոլարի ներդրում, այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 25-30 միլիոն դոլար:
«Երկար տարիներ մեզ համոզում էին, որ հնարավոր չէ կլոր համալիրն արդիականացնել: Սակայն այս, ինչպես նաև այլ նախագծեր, ցույց են տալիս, որ հնարավոր է, պարզ եղանակով կարելի է արդիականացնել պահեստային տարածքների հաշվին»,- ասաց Ա.Թարխանյանը:
Հիշեցնենք, որ Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը նույնպես մշակել էր մի նախագիծ, որի համաձայն այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին:
Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
- Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
- «Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան